211652_close_icon
views-count1434 դիտում article-date 00:01 11-06-2019

ՊՎԾ հայտարարությունում արձանագրված խնդիրները հիմնականում վերաբերում են 2015-2016 թվականներին. ԵՊԲՀ

Երևանի պետական բժշական համալսարանի աշխատակազմն անդրադարձել է Պետական վերահսկողության կողմից այսօր տարածված հաղորդագրությանը, որում ասվում էր, որ ԵՊԲՀ–ում գնումների, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինաշխատանքների իրականացման գործընթացներում խնդիրներ են արձանագրվել։ ԵՊԲՀ հայտարարությունում ասվում է, որ ՊՎԾ հայտարարությունում արձանագրված խնդիրները հիմնականում վերաբերում են 2015-2016 թվականներին։ ԵՊԲՀ հայտարարությունում ասվում է. «Պաշտոնապես ԵՊԲՀ-ն 2019 թվականի մայիսի 29-ին է ստացել ՊՎԾ -ի կողմից ԵՊԲՀ-ում իրականացված ուսումնասիրությունների մասին տեղեկանքը: Տեղեկանքին կից գրության մեջ հստակ նշված է, որ տեղեկանքի մասին դիրքորոշում ԵՊԲՀ-ն պետք է ներկայացներ մինչև հունիսի 15-ը: Թե որքանով է պրոֆեսիոնալ, գործընկերային, ճիշտ և տեղին հայտարարություններ անելը մինչև վերահսկողության ենթարկված հաստատության՝ այս դեպքում ԵՊԲՀ-ի պաշտոնական պատասխանը չստանալով, թողնում ենք յուրաքանչյուրի դատողությանը: Տեղեկացնենք, որ ԵՊԲՀ-ում շուրջ 6 ամիս ուսումնասիրություններ են իրականացվել՝ ուսումնասիրության ժամանակահատվածն է եղել 2015-2018 թվականները: Այժմ տեղեկանքում նշված փաստերի մասին. ներկայացված 2 տվյալների ժամանակահատվածը 2015-2016 թվականներն են, սակայն հայտարարության մեջ ՊՎԾ-ի կողմից ներկայացված <<փաստերը>> դեռևս իրավականորեն հաստատված չեն, ինչի մասին, ի տարբերություն ՊՎԾ-ի, կներկայացնենք փաստարկված և օրենքի տառին համապատասխան: Հավելենք, որ ՊՎԾ-ի տեղեկանքում, հստակ արձանագրված են ԵՊԲՀ-ի տարբեր ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման բարելավումները՝ թե ֆինանսական և թե կազմակերպչական, միգուցե կամ տեխնիկական բացթողում է եղել դրանց չարձանագրումը ՊՎԾ-ի հայտարարության մեջ կամ ՊՎԾ-ն աշխատանքային նման գործելաոճ է որդեգրել՝ խոսել միայն բացթողումների մասին՝ չսպասելով համապաստախան պատասխանին: Ավելացնենք, որ ուսումնասիրության ողջ ընթացքում ԵՊԲՀ-ի աշխատակիցները կառուցողական և պատրաստակամ աշխատել են ՊՎԾ ներկայացուցիչների հետ և ի տարբերություն ուսումնասիրության ընթացքում երկուստեք պրոֆեսիոնալ մոտեցումներին, պետք է փաստենք, որ նմանաբովանդակ հայտարարությունն առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս և հուսով ենք, որ ՊՎԾ-ն անհրաժեշտ հավելյալ պարզաբանումներ կներկայացնի՝ տարատեսակ տարընկալումներից խուսափելու համար: Վերջում, քանի որ հենց ՊՎԾ-ի կողմից առիթ ընձեռնվեց հրապարակային խոսել ուսումնասիրության արդյունքների մասին, կցանկանայինք նաև շնորհակալություն հայտնել ՊՎԾ աշխատակիցներին՝ համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ հետագայում աշխատանքների ամփոփումների վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես կլինի արհեստավարժ և օբյեկտիվ՝ ինչպես ուսումնասիրության ողջ ընթացքը»:

Նմանատիպ նյութեր