211652_close_icon
views-count1240 դիտում article-date 14:29 06-06-2019

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց կթողնվի 170 միլիոն խմ ջուր

Սևանա լճից 2019 թվականին ոռոգման նպատակով բաց կթողնվի 170 միլիոն խորանարդ մետր ջուր՝ Արմավիրի,Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի շուրջ 32 հազար հեկտար հողերի ոռոգման, ջրապահովության դեֆիցիտը մեղմելու համար։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «Այս տարին թեև ձյունասակավ տարի էր, այնուամենայնիվ, գարնան ընթացքում մեր ջրամբարները բավարար քանակությամբ լցվածություն ունեն։ Ոռոգման համակարգն այնպիսին է, որ վերոնշյալ չորս մարզերի որոշ հատվածներ ջրելու համար, քանի դեռ նոր հավելյալ ջրամբարներ չենք կառուցել, Սևանից 170 միլիոն մետր խորանարդ ջուր թողնելը կենսական անհրաժեշտություն է»,- նշեց Պապիկյանը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ արվելու է հավելյալ ջրապահանջարկի առիթ չունենալու համար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս տարի ոռոգման սեզոնը լավ տրամադրությամբ է սկսվել, որովհետև նախորդ տարվա համեմատ մեր բոլոր ջրամբարները լցված էին և գործընթացը դեռ չի ավարտվել, քանի որ ձյունն ամբողջությամբ չի հալվել։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու անհրաժեշտություն չլինի, իսկ դրա համար նախադրյալներ կան։ Եղանակային պայմանները մի փոքր ավելի անկանխատեսելի են դառնում այն առումով, որ կարող է նախատեսվածից ավելի շոգ լինել և մենք պետք է կարողանանք ճկուն լինել իրավիճակներին արձագանքելու համար։ Եթե տեսնենք, որ խնդիր ենք ունենալու՝ ջրային օրենսգրքով նախատեսված միջոցառումներ պետք է իրականացնել»,- հավելեց վարչապետը։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն արձագանքեց, որ այս տարի ևս հանձնաժողով կստեղծվի, որը կվերահսկի Սևանից թողնված ջրի հետագիծը, որպեսզի ի սկզբանե վերահսկողություն լինի։ «Արդյունավետ աշխատանքի դեպքում հնարավոր է և սահմանված քանակությունից քիչ ջուր բաց թողնվի»,- ասաց նախարարը։

Նմանատիպ նյութեր