Խոշոր ավտովթար Երևանում. Եռաբլուր զինվորական պանթեոնի մոտ 28-ամյա վարորդը Nissan-ով բախվել է եզրաքարերին և գլխիվայր շրջվել. նա վթարի մեղավոր է համարում ոստիկանական УАЗ-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ մայիսի 31-ին,   խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:15-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 28-ամյա  Արթուր Մարտիրոսյանը իր վարած Nissan Teana  մակնիշի 13 VR 113 համարանիշի ավտոմեքենայով  Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուր զինվորական պանթեոնի դիմաց,  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում:  
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության  մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խումբը: 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել այն: 
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:
 Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում վարորդը ոստիկանության ծառայողներին ասում էր, որ վթարի մեղավորը եղել  է  ոստիկանական համարանիշներով УАЗ մակնիշի ավտոմեքենա, ով վթարային իրավիճակ է ստեղծել,  ինչի պատճառով տեղի է ունեցել վթարը, իսկ УАЗ-ը նաև բախվել է իր ավտոմեքենային և դեպքի վայրից դիմել փախուստի: 
Ոստիկանությունը պարզում է նաև վարորդի հայտնածը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


