«Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը կդառնա 2 տարի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 95 պատգամավոր:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ պաշտպանության և անվտանգության մասին հարցերի մշտական հանձաժողովն առաջարկել է օրենքի նախագիծը քննարկել հատուկ ընթացակարգով, այսինքն` նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում։
Պատգամավորները քվեարկությամբ, 94 կողմ ձայներով ընդունեցին այդ առաջարկը:
Նշենք, որ օրենքի նախագծով կառավարությունն առաջարկում է պայմանագրային զինվորական ծառայության ընդունվելու տարիքային շեմը 36-ից դարձնել 40 տարեկան, հազվագյուտ մասնագիտությունների դեպքում՝ 45: Առաջարկվում է կրճատել նաև «Պատիվ ունեմ» ծրագրի նվազագույն ժամկետը՝ 3 տարուց դարձնելով 2 տարի: Նախագծով առաջարկվում է նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող բոլոր քաղաքացիներին, որոնք զինապարտ են, տրամադրել տարկետում մինչ ուսումնառության ավարտը: Նախատեսվում է նաև, որ միաժամանակ զորակոչվող եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու ցանկության դեպքում վիճակահանությանը մասնակցի միայն մեկ եղբայրը: Իսկ ծառայության մեջ գտնվող եղբայր ունեցող զորակոչիկը եղբոր ծառայության վայր կարող է նշանակվել, եթե բավարարում է տվյալ զորամասում ծառայության նշանակվելու պայմաններին: Առաջարկվում են նաև մի շարք այլ փոփոխություններ:


