Արցախի նախագահի ընտրությանը ուղղված ցանկացած ապօրինի միջամտություն դատապարտելի է. «Երկիր ծիրանի»
Արցախի գործադիր իշխանության ղեկավարի ընտրությանը ուղղված ցանկացած ապօրինի միջամտություն դատապարտելի է: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը:
«Արցախում մեկնարկած գործադիր իշխանության ղեկավարի ընտրության քարոզարշավը, 2019 թվականի մայիսի 29-ի գիշերից, լույս մայիսի 30-ը, մտել է անհանդուրժողության եւ պառակտման նոր փուլ:
Այդ ուշ գիշերին Սեւանի մայրուղու` Սեւան-Մարտունի ճանապարհահատվածի փակելը, եւ Արցախյան ազատամարտի հերոս Սամվել Բաբայանի քաղաքական թիմակիցների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելը` ահազանգ են ազգային պառակտման սադրիչ գործողության իրականացման, եւ կարող են հիմք հանդիսանալ անթույլատրելի արյունալի բախման` հայ ազգի տարբեր հատվածների միջեւ: Մենք իրավունք չունենք թույլ տալու սխալներ:
Արցախում գործադիր իշխանություն ձեւավորելու համար քաղաքական պայքարը պետք է ընթանա օրինականության սկզբունքի հիման վրա: Արցախը, որպես Հայոց արդի պետականության լինելիության կարեւոր բաղկացուցիչ մաս, քաղաքակիրթ ընտրությունների միջոցով պետք է եւ կարող է ընտրել գործադիր իշխանության ղեկավար, իսկ այդ ընտրությանը ուղղված ցանկացած ապօրինի միջամտություն դատապարտելի է»,-ասված է հայտարարության մեջ: