Արտակարգ դեպք Արարատի մարզում. քառասունքի արարողությունն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ. Մասիսի ոստիկանները կանխել են վենդետան. ժամանել են մարզի, տարածքի ոստիկանապետերը, դատախազն ու ՃՈ դասակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ մայիսի 23-ին,   արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  իրենց մոտ են տեղափոխվել  3 քաղաքացի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանության պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: 
Ժամանել է նաև  ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ,  ովքեր հրաժարվեցին  տեսախցիկի  առաջ խոսել,  ասում էին.  «Աղմուկ- աղաղակ լսեցինք, մեկել տեսանք, որ մի քանի հոգի իրար հետ վիճաբանում են: 3 հոգու տարան հիվանդանոց, որոնցից երկուսը ծեծված էին, մեկն էլ նստատեղի հատվածում դանակի մի քանի հարված  էր ստացել: Լավ էր Մասիսի ոստիկանները, ճանապարհային ոստիկանները վայրկյանների ընթացքում հասան էստեղ ու վենդետան կանխվեց»:
Ֆոտոլրագրողի  հարցին, թե ինչ գիտեք վենդետա է, քաղաքացիներն  ասում էին. «Վիրավորներից  երկուսը հարազատ եղբայրներ են և Մարմարաշենում մասնակցելիս  են եղել իրենց հոր քառասունքին: էնտեղ ինչ-ինչ հարցեր են քննարկել ու էստեղ վիճաբանությունը շարունակվել է: Հենց տեսան միլիցեքը եկան, մի քանիսը թռան, իսկ վիրավորներին էլ միլիցեքն ուղեկցել են  հիվանդանոց: Հիմա մնում է տաք հետքերով բռնեն դրանց»:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Մասիսի ոստիկանները՝ բաժնի պետ Ջ. Մարությանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է  հետաքննչական  բաժանմունքի ավագ հետաքննիչ  Արթուր Բաբայանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում:
Դեպքի վայր է  ժամանել նաև Արարատի մարզի Մասիս քաղաքի դատախազ Վաղինակ Մկրտչյանը:
Ոստիկանները  դեպքի վայրում հայտնաբերել են  2 դանակ, որոնցից մեկի բռնակը կոտրված է և վրան կան արնանման հետքեր և դարն ապրած ВАЗ 2106 մակնիշի  35 RV 836 համարանիշի ավտոմեքենա, որի դռների վրա և ավտոմեքենայի ներսում կան արնանման հետքեր:
Այս պահին տեղում աշխատում են  նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի ծառայողները՝ Արման Հարությունյանի գլխավորությամբ:
06-ից մի քանի մետր այն կողմ հայտնաբերվել է Opel մակնիշի 34 MF 224 համարանիշի ավտոմեքենա, սակայն նշված Opel-ը կապ չունի վիճաբանության հետ:
Վարորդը կարմիր լուսացույցի տակ կանգնած է  եղել, երբ  06-ը բախվել է օպելին:
Վթարված  Opel-ի փաստով ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Մասիսի բաժնի  ծառայողները  պարզել են կռվի  մասնակիցների  ինքնությունը և ձեռնարկում են  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մասնակիցներին հայտնաբերելու  ուղղությամբ:
Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են  կատարում նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ  սպայական գումարտակի 1-ին վաշտի  2-րդ  դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի  գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


