211652_close_icon

Հայաստանում կենցաղային տեխնիկայի լիարժեք հայկական արտադրության հույս կա․ վարչապետ

views-count2507 դիտում article-date 15:40 23-05-2019
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ներդրումային ծրագրերի շրջանակներում արտոնություններ տրամադրելու հարցը։ Արմավիրում՝ Մերձավան համայնքում նախորդ տարվա դեկտեմբերին բացված «Այ Էմ Ջի գրուփ» ընկերությունում, որն արտադրում է կենցաղային տեխնիկա, արտադրական աշխատանքները սկսվել են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով խնդրին, նկատեց, որ սա Հայաստանում առաջին փորձն է կենցաղային տեխնիկա հավաքելու, նման փորձ չի եղել նաև խորհրդային տարիներին: Նա հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում հեռուստացույցներ և այլ կենցաղային տեխնիկա Հայաստանում կարտադրվի նաև ոչ թե ներկրված սարքերով, այլ տեղում արտադրված, որպեսզի լիարժեք այդ արտադրանքը համարվի հայկական: Փաշինյանը նկատեց, որ այս հարցը նաև քաղաքական ենթատեքստ ունի, հետաքրքրությունը մեծ է, քանի որ նշվում էր, թե «գնացել, բացում են արել, և այդ գործարանը չի աշխատում»: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ այս պահին այնտեղ 15 մարդ հեռուստացույցներ են հավաքում: «Ինձ հրավիրել էին, ես ասացի՝ մինչև 70 մարդ այնտեղ միաժամանակ աշխատանքային պրոցեսում չլինեն, չեմ գնա: Սա կատակով, իհարկե, բայց հաջորդ շաբաթներին, երբ արդեն կգան լվացքի մեքենաների ու մնացած տեխնիկայի մասերը, որոնք ճանապարհին են, և 70 մարդ աշխատանքի մեջ կլինի, ես կգնամ այնտեղ ու լայն հանրային լուսաբանում կլինի: Այս պահին 1200 հատ հեռուստացույցների համար անհրաժեշտ մասերը գտնվում են այստեղ»,- ասաց Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր