211652_close_icon
views-count10082 դիտում article-date 23:28 22-05-2019

Սեքյուրիթի Դրիմի նախկին տնօրենը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Armtimes.com

[url=https://armtimes.com/hy/article/159100?fbclid=IwAR3Q0CdCIp-gJUEC_LWcPm7FlRWfHOGzfZj9DndkHQzc4IQjenRH_b__Qxw]Armtimes.com[/url]-ը գրում է. Սեքյուրիթի Դրիմ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընկերության նոր տնօրինությունը, հիշեցնենք, աշխատանքից ազատել է 25 աշխատակիցների, որոնք վերջին շրջանում մամուլում պարբերաբար հանդես են գալիս բացահայտող նյութերով ու ներկայացնում այն չարաշահումները, որոնք իրականացվել եւ իրականացվում են Սեքյուրիթի Դրիմում: Արամ Ղլեչյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Մեծարգո պարոն Վարչապետ. Ձեր անձնական ներդրումը հայ հասարակության աշխարհընկալման ձևավորման՝ իրավունքները և ազատությունները նորովի ընկալելու, մարդու և քաղաքացու պատվի գերակայությամբ ազատ մտածելու և ապրելու հարցերում՝ անուրանալի է: Անարադարության դեմ պայքարելու օրինակը Դուք եք տվել, արդյունավետ պայքարելու և հաղթելու օրինակը ևս: Դիմում եմ Ձեզ, որպես մեր ժողովրդի իրական վստահության քվեն ստացած, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարի: Դիմում եմ Ձեզ, ոչ թե իմ խնդրով, այլ այն անձանց, ովքեր հավատալով իրենց պայքարի ազնիվ նպատակին, մի նախանձ ու քինախնդիր որոշմամբ կորցրել են իրենց աշխատատեղերը: Սեքյուրիթի Դրիմի 25 աշխատակիցներ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերի ակնհայտ խախտմամբ, ազատվել են աշխատանքից, այն բանի համար, որ նրանք 2019 թվականի մարտի 1-ին չեն վախեցել, չեն հանձնվել, չեն թաքնվել ուրիշների թիկունքում և բարձրաձայնել են իրենց կարծիքը, եղել են միակամ ու պայքարել են իրենց նպատակի համար՝ բողոքելով անարդարության դեմ: ՀՀ քաղաքացու հենց այս տեսակն է, որ մեր երկրին շատ է պետք, այս տեսակն է, որ չի վախեցել 2008 թվականի մարտի 1-ին, պայքարել է Արցախում 2016 թվականի ապրիլին, այս տեսակն է, որ չի թաքնվել ու պայքարել է 2018 թվականի ապրիլին, մայիսին… և այս տեսակն է, որ անձնվեր քաջությամբ կդիմակայի մեր երկրի և ժողովրդի բոլոր թշնամիներին… ու կհաղթի: Հայտնում եմ, որ բոլոր միջոցներով պայքարելու ենք Ձեր հռչակած Նոր Հայաստանի՝ արդար ու երջանիկ Հայաստանի հարատևության համար: Սեքյուրիթի Դրիմի ազատված աշխատակիցների հարցը, մի փոքրիկ խնդիր է և դրանով մեր երկրի բազմազբաղ Վարչապետին դիմելը եսասիրական քայլ է, սակայն արդարության հասնելու մեր ձգտումը ունի նաև բարոյական նշանակետ՝ պայքարող քաղաքացու տեսակը պահպանելու և օրինակով՝ մյուսներին ոգեշնչելու: Սեքյուրիթի Դրիմ և Էլլիպս ՋիԷյ ՍՊԸ-ների կողմից պետական բյուջեից հարյուրավոր միլիոնների ոչ իրավաչափ ստացումը, մեր իրավապահների ուշադրությանն արժանացել է միանգամայն հիմնավոր առիթներով: Նոր Հայաստանի օրոք, իմ՝ Սեքյուրիթի Դրիմի տնօրեն նշանակվելուց հետո, դադարեցվել են չարաշահումները, թույլ չեմ տվել հափշտակել պետական միջոցները և այդ պատճառով, ընկերությունների սեփականատերերը փորձել են ազատվել ինձանից և այն աշխատակիցներից, ովքեր ինձ հետ կանգնել են նրանց դեմ: Սեքյուրիթի Դրիմ ՍՊԸ-ի տնօրենի փոփոխությունը սահմանող, ընկերության մասնակիցների կողմից 01.03.2019թ. ընդունված անհատական իրավական ակտը, օրենքի պահանջով ուժի մեջ է մտել 04.03.2019 թվականին և այդ օրը դադարել են Ա. Ղլեչյանիս լիազորությունները և ծագել են նոր տնօրենի՝ Ա. Պողոսյանի լիազորությունները: Մեր պայքարը արժեզրկելու և իրենց մերկացնող ցուցմունքներ տալուն խոչընդոտելու նպատակով, ընկերությունների սեփականատերերը իրենց հին «ավանդական» կոռումպացված գործընկերների միջոցով պատվիրել են շինծու քրեական գործ՝ որը հաջողությամբ հարուցել է Արաբկիրի ոստիկանապետը՝ Արմեն Վաթյանը և հատուկ ջանասիրությամբ քննում է Արաբկիրի քննչականը, որի նախկին պետը «պատահաբար» Սեքյուրիթի Դրիմի նոր տնօրենն է՝ Արթուր Պողոսյանը: Մեղադրանքի հիմքում դրված են երեք հանգամանքներ. 2019թ. մարտի 1-ին նախկին տնօրենը թաքցրել է ընկերության կնիքը, Հափշտակել է իր իսկ աշխատասենյակի մուտքը հսկող տեսախցիկը, Անջատել է երթևեկության տեսահսկման համակարգը և փոխել գաղտնաբառը: Քրեական գործը հարուցվել է ակնհայտ անհիմն, քանի որ, 2019թ. մարտի 1-ին, օրենքի ուժով, ես հանդիսացել եմ ընկերության գործադիր մարմնի ղեկավարը /նախկին չեմ եղել/ և եղել եմ միակ անձն, ով իրավասու էր. 1. կնիքը պահել իր մոտ, 2. Տնօրինել ընկերության գույքը, նաև հանձնարարել հանել իր իսկ ցուցումով տեղադրված, իր աշխատասենյակի մուտքը հսկող, իր սեփականությունը հանդիսացող տեսախցիկը, 3. Իրականում, տեսահսկման համակարգի սերվերային հանգույց 2019թ. մարտի 1-ին ապօրինի, դուռը կոտրելով, մուտք են գործել Զաքարյանների ուղարկած մարդիկ և փոխել են գաղտնաբառը, իսկ գաղտնաբառը, փակ ծրարով մշտապես գտնվել է ինձ մոտ և ես, միայն ինձ հայտնի գաղտնաբառը այլ գաղտնաբառով փոխելու անհրաժեշտություն չէի կարող ունենալ: Զաքարյաններն իրենց կողմից կատարածը փորձում են գցել իմ վրա: Սակայն դրանով չի վերջանում, Սեքյուրիթի Դրիմի նոր տնօրենը, Արաբկիրի քննչականի նախկին պետ Ա. Պողոսյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որը Արաբկիրի բաժնի պետի թեթև ձեռքով կրկին դարձել է քրեական գործ և այս անգամ ինձ մեղադրում են այն բանում, որ ես ՀՀ ոստիկանությանը հասցեգրված իմ գրությամբ, որով առաջարկել եմ ձեռնպահ մնալ Սեքյուրիթի Դրիմ ՍՊԸ-ի միջոցով Էլլիպս ՋիԷյ ՍՊԸ-ին վճարվելիք ամսական 70 միլիոն դրամները վճարելուց, «նպատակ» եմ ունեցել վնաս պատճառել ընկերությանը: Մանրամասներն՝ [url=https://armtimes.com/hy/article/159100?fbclid=IwAR3Q0CdCIp-gJUEC_LWcPm7FlRWfHOGzfZj9DndkHQzc4IQjenRH_b__Qxw]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր