211652_close_icon
views-count1745 դիտում article-date 14:00 20-05-2019

Քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ դատավորները պետք է հրաժարական տան. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում պետք է լինի ոչ թե մի նոր խամաճիկային, այլ իրապես անկախ, օբյեկտիվ, իրավունքի գերակայության վրա հիմնված դատական համակարգ, որը համապատասխանում է քաղաքակիրթ աշխարհի առաջատար չափանիշներին: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում: Նա դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու գործընթացում մի քանի հետ է առանձնացնում: «Առաջին՝ Հայաստանում գործող բոլոր դատավորներն առանց բացառության պետք է ենթարկվեն, այսպես ասած, «vetting»-ի, այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Երկրորդ՝ ՄԻԵԴ-ի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Երրորդ՝ բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, ապա պետք է հրաժարական տան՝ այդպիսով ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին»,-«[url=https://https://armenpress.am/arm/news/975388.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: Որպես չորրորդ կետ՝ ՀՀ վարչապետը նշեց, որ հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի համար: Պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփել վերջին 7-8 ամիսներին այս ուղղությամբ կատարած մեր աշխատանքը: Վարչապետի խոսքով, Ազգային ժողովում պետք է տեղի ունենա համապատասխան օրենսդրական աշխատանք երկրի համար այս կենսական օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: «Եթե սրա համար անհրաժեշտ կլինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, ապա մենք պետք է գնանք նաև այդ քայլին: Եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, ապա մենք պետք է գնանք նաև նման լուծումների: Այս ողջ աշխատանքը պետք է տեղի ունենա այս ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, միջազգային լավագույն փորձի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում: Այս ամբողջ օրակարգը մենք արդեն երկար ժամանակ քննարկում ենք ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ: Ես հույս ունեմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները կկանգնեն Հայաստանի կողքին, որովհետև մեր ուզածը ոչ թե մի նոր խամաճիկային դատական համակարգ ունենալն է, այլ իրապես անկախ, իրապես օբյեկտիվ, իրապես իրավունքի գերակայության վրա հիմնված դատական համակարգ, որը համապատասխանում է քաղաքակիրթ աշխարհի առաջատար չափանիշներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ հասունացել է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ լուծումների ժամանակը: Նրա խոսքով, դատական անկախ, անաչառ համակարգ ունենալը մեզ համար կենսական անհրաժեշտություն է: Նման համակարգի բացակայությունը, ըստ նրա, մեր երկրի համար ծառացած թիվ մեկ սպառնալիքն է, այս խնդրի օր առաջ լուծումը՝ համաժողովրդական պահանջ: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/975388.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր