Քաղաքացիները սկսել են դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործընթաց
Հայաստանի Հանրապետությունում սկսվել է դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու գործընթացը: «[url=https://armenpress.am/arm/news/975353.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` մայիսի 19-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակմամբ քաղաքացիներին այսպիսի քայլ անելու կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:
Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- գրել է Փաշինյանը:
Քաղաքացիներն արդեն արգելափակել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի մուտքը, Սահմանադրական դատարանի շենքի մուտքը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի և Ավանի նստավայրերի շենքերի մուտքերը:
Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործընթացին մասնակցում են նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, Երևանի ավագանու անդամներ: Դատարաններն արգելափակելու գործընթացին միացել է նաև Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանը: