211652_close_icon
views-count1850 դիտում article-date 15:29 16-05-2019

Գործադիրն առաջարկում է անցում կատարել քաղաքացիական դատավարությունում պարզեցված վարույթի դյուրին ընթացակարգի

Կառավարությունն այսօրվա նիստում առաջարկեց 2018թ. փետրվարին քաղաքացիական դատավարությունում ներդրված պարզեցված վարույթի համակարգը բարելավելով բեռնաթափել դատարանները: «Դատական վիճակագրության ուսումնասիրությունը վկայում է, որ 2013-2017թթ. ընկած ժամանակահատվածում քաղաքացիական գործերի թիվը գրանցել է աննախադեպ աճ` 48 հազար 540-ից դառնալով 137 հազար 3 գործ: Այս հանգամանքի հաշվառմամբ 2018թ. փետրվարին ներդրվեց պարզեցված վարույթ, որը հնարավորություն է տալիս գործը քննել հեշտացված ընթացակարգի միջոցով: Նախագծով նախատեսվում է անցում կատարել քաղաքացիական դատավարությունում պարզեցված վարույթի առավել դյուրին ընթացակարգի»,- նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծի համաձայն` բռնագանձման պահանջի՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշելիս հիմք է ընդունվում հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ներկայացված պահանջի չափը: Կարգավորվել է արտարժույթով բռնագանձման վերաբերյալ պահանջ ներկայացվելու դեպքում այդ պահանջի՝ Հայաստանի Հանրապետության դրամի հետ համարժեքությունը որոշելու հարցը: Նախատեսվել է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը, որպես կանոն, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ լուծելու հնարավորություն: Ընդլայնվել են պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի շրջանակը՝ ներառելով նաև այն դեպքերը, երբ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելը պատասխանողը չի առարկել հայցի դեմ, չի ներկայացրել հակընդդեմ հայց կամ հայցի առարկայի փոփոխության արդյունքում հայցապահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը: Սահմանվել է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձանց նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ գրավոր պարզաբանում ուղարկելու պահանջ: Նախատեսվել է պարզեցված վարույթով դատական նիստ հրավիրելու հնարավորություն: Մանրամասնվել են պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռին ներկայացվող պահանջները:

Նմանատիպ նյութեր