39008 դիտում
16:37 13-05-2019
Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում տան փլուզման հետևանքով ընտանիքի անդամները, այդ թվում՝ հղի հարսը, հայտնվել են բաց երկնքի տակ. Արագածոտնի մարզպետը ժանանակ չունի զբաղվելու այս ընտանիքի խնդրով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում բնակվող Սահակյանների 5 հոգանոց ընտանիքը 1 շաբաթից ավելի է՝ զրկվել է տանիքից, բառի ուղիղ իմաստով՝ մնացել բաց երկնքի տակ: Ամուսինն ու կինը մեքենայի մեջ են քնում, ընտանիքի մյուս անդամները՝ առայժմ հարազատների ու հարեւանների տանը: Այդպես երկար չի կարող շարունակվել, բայց ընտանիքը ոչ մնալու համար այլ տեղ ունի, ոչ էլ գումար՝ ավերված տունը նորոգելու համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 88-ի երկրաշարժից հետո Հնաբերդ գյուղում 6 տուն 4-րդ կարգի վթարային է համարվել: Երեքի բնակիչները միայնակ ծերեր են եղել, նրանք գումարային փոխհատուցում են ստացել՝ 3-ական միլիոն դրամ: Մյուս 3 ընտանիքներին խոստացել են նոր տուն կառուցել: 2012-ին վերջապես տների կառուցման որոշումը կառավարությունն ընդունել է, նախագիծը հաստատել: Վթարային տներում ապրող 3 ընտանիքներն ուրախացել են՝ կարծելով, թե վերջապես տուն կունենան, սակայն առ այսօր շինարարությունը չի սկսվել:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Արտավազդ Սահակյանն ասում էր. «Վերջին 5 տարում ամեն օր սպասում էին, որ իրենց տունն ուր որ է՝ փուլ կգա: Պատերի ճաքերից հեռու էին մնում: Հիմա փառք են տալիս Աստծուն, որ տան քանդվելուց ոչ ոք չի տուժել, բայց կառավարության ուշադրություն են հրավիրում ոչ միայն իրենց, այլեւ նույն կարգավիճակում հայտնված գյուղի մյուս 2 ընտանիքների վրա: Ի դեպ, Հնաբերդի գյուղի մեկ այլ ընտանիք արդեն 5 տարի է՝ իր տնից դուրս է եկել: Ասում են, տունն ահավոր վիճակում էր: Գյուղապետարանը նրանց ժամանակավորես ուրիշի տանն է տեղավորել: Սակայն տան տերերը աշնանը վերադառնալու են, 88-ի երկրաշարժից տուժած ընտանիքը չգիտի, թե այդ ժամանակ որտեղ է մնալու»:
Տեսնելով, որ օր օրի վթարային տների պատերի ճաքերն ավելի են մեծանում, իսկ նոր տուն կառուցելու կառավարության որոշումը կարծես, թե չի իրագործվում, Հնաբերդի 3 ընտանիքների ներկայացուցիչները մոտ 10 օր առաջ գնացել են մարզպետարան՝ հիշեցրել իրենց խնդրի մասին: Մարզպետարանում պատասխանել են, որ ծրագիրն ընդունված է, բայց թե երբ կսկսի իրականացվել, չեն կարող ասել: Հնաբերդցիները խնդրում են, օր առաջ լուծել խնդիրը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+