211652_close_icon
views-count1849 դիտում article-date 12:36 10-05-2019

Նախարար Տիգրան Խաչատրյանը ծանոթացել է «Երեմյան փրոջեքթս»-ի ծրագրերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Երեմյան փրոջեքթսը» կիրականացնի 10 միլիոն դոլարի ներդրում գյուղատնտեսական, կրթական, սպասարկման ոլորտներում․ Տիգրան Խաչատրյանը ծանոթացել է ընկերության ծրագրերին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի հետ այցելել է «Երեմյան փրոջեքթս» խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա՝ ծանոթանալու նորաստեղծ հաստատության գործունեությանը։ Նախարարը շրջայց է կատարել ակադեմիայում, ծանոթացել ուսուցման առարկաների ցանկին, ուսումնառողների համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև ակադեմիայի զարգացման ծրագրերին։ Ըստ հիմնադրի, Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի նպատակն է նպաստել Հայաստանում հյուրընկալության ինստիտուտի կայացմանը, ծառայությունների որակի բարձրացմանը, հայկական խոհանոցի միջազգայնացմանը։ Ակադեմիայի ղեկավարությունը մտադիր է այն դարձնել տարածաշրջանում գերազանցության կենտրոն: Նախարար Տիգրան Խաչատրյանը «Երեմյան փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ քննարկել է ընկերության ներդրումային ծրագրերը տարբեր ուղղություններով։ Դավիթ Երեմյանը նշել է, որ «Երեմյան փրոջեքթս» ընկերությունն իրականացնում է 3 խոշոր նախագիծ, որոնցից մեկն էլ հենց ակադեմիան է։ Երկրորդ ուղղությունը գյուղատնտեսությունն է, երրորդն էլ՝ նոր ձևաչափի ռեստորանները։ «Այս տարվա ներդրումների ծավալը մոտ 10 միլիոն ԱՄՆ դոլար կկազմի և կստեղծվի 250 նոր աշխատատեղ», - նշել է Դավիթ Երեմյանը։ Նախարարին տեղեկացվել է, որ Դիլիջանում նոր խոզաբուծական ֆերմա է բացվել, և Հայաստան են բերվել կանադական հայտնի Genesus Genetics ընկերության մաքրացեղ խոզատեսակներ: Ընկերությունն օգտվել է մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանիների համար տրվող պետական սուբսիդավորման արտոնությունից։ Ֆերման համապատասխանեցված է արտադրության և որակի միջազգային սահմանված բոլոր չափանիշներին: Նշվել է նաև, որ Ջերմուկում արդեն գործում է խոշոր անասնաֆերմա, որտեղ պահվում են մաքրացեղ անասուններ. մեծածավալ ներդրումներ են իրականացվում այն նորարարական տեխնոլոգիաներով հագեցնելու համար։ Սուսաննա Սաֆարյանը, կիսվելով այցի տպավորություններով, նշել է, որ բավականին հետաքրքիր նախագիծ է ստացվել, որը, թերևս, գաստրոարդյունաբերության ոլորտում երկարատև փորձի արդյունք է՝ ուղղված սպասարկման ծառայությունների որակի բարձրացմանը։ «Հայաստանը գաստրոտուրիզմի մեծ հեռանկարներ և ներուժ ունի։ Վստահաբար, աջակցելու ենք այն բոլոր նախագծերին, որոնք կնպաստեն գաստրոզբոսաշրջության զարգացմանը, ինչը մեզ համար շատ առանցքային է։ Ինքներս էլ պետք է Հայաստանը դիրքավորենք այնպես, որ ընդհանուր պատկերի մեջ գաստրոտուրիզմը մեծ բաղադրիչ կազմի, քանի որ Հայաստանի մասին զբոսաշրջիկների դրական տպավորություններից մեկը հենց սննդի վերաբերյալ է», - նշել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։ Տեղում քննարկվել է գաստրոզբոսաշրջությանն առնչվող մեծամասշտաբ միջոցառում իրականացնելու հնարավորությունը, որը կհամախմբի գաստրոարդյունաբերության ոլորտում ծառայություն մատուցող ընկերություններին՝ ներկայացնելու հայկական սննդի բազմազանությունը՝ ներգրավելով նաև միջազգային մասնագետների։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր