211652_close_icon
views-count1849 դիտում article-date 11:42 02-05-2019

ԲՀԿ-ական պատգամավորի՝ աշխատանքային տարիքը սահմանափակող դրույթը հանելու առաջարկը կառավարությունը չընդունեց

Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց և չընդունեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախագիծը, որով առաջարկվում էր Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարել, որով աշխատողի տարիքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Հիմնական զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ նախագծով առաջարկվող փոփոխությունն իր բովանդակությամբ չի համապատասխանում օրենսգրքի 94-րդ հոդվածի բովանդակությանը և ամրագրող կարգավորումներին: «Ըստ այդ հոդվածի՝ աշխատանքային պայմանագրերը կարող են լինել երկու տեսակի՝ անորոշ ժամկետով և որոշակի ժամկետով: Բացի այդ, միայն տարիքին վերաբերող արգելքի առանձին դրույթ սահմանելն ընդունելի չէ, քանի որ անհրաժեշտ է օրենսգրքում արգելք սահմանել նաև այլ հիմքերով խտրականության դրսևորման դեպքերի համար, օրինակ՝ սեռի, կրոնի և այլն»,- ասաց նախարարը: Բաթոյանն առաջարկեց գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ: Վարչապետը Մարդու իրավունքների պաշտպանից հարցեց՝ արդյոք այստեղ խոսքը միայն աշխատանքայի՞ն խտրականության մասին պետք է լինի, թե՞ ընդհանրապես խտրականության: Արման Թաթոյանը պատասխանեց. «Նախ Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն և դրանք պետք է պրակտիկայում գործադրված լինեն: Աշխատանքային օրենսգիրքը պետք է ունենա սկզբունք, որը նաև խտրականության արգելքը կապահովի երաշխավորված: Իրականում ունենք դեպքեր, մասնավորապես՝ սեռով պայմանավորված, նաև տարիքային սահմանափակումներով ունենք խնդիրներ, և աշխատանքային օրենսգրքի ընդհանուր սկզբունքները հաճախ հնարավորություն չեն տալիս առավել արդյունավետ պաշտպանություն ապահովել»:

Նմանատիպ նյութեր