211652_close_icon
views-count32233 դիտում article-date 10:36 30-04-2019

Եթե պատերազմ սկսվի, ռուսները դուրս կգան Արաքս․ մենք թքած ունենք ձեզ վրա, մեր խնդիրներն ենք լուծելու. ռուս փորձագետ․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մոսկվայում ապրիլի 15-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կազմակերպած Լավրով-Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո ադրբեջանական և հայկական կողմերը շարունակում են հակասական հայտարարություններ անել ընթացող բանակցությունների բովանդակության մասին։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե կողմերը քննարկում են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը 2016 թվականին Ռուսաստանի կողմից արված առաջարկների հիման վրա։ Ապրիլի 24-ին լրագրողների խնդրանքով այս թեմային և, մասնավորապես, այսպես կոչված՝ «Լավրովի պլան»-ին վերաբերող հարցին անդրադարձել է նաև Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ասելով, թե «որևէ փաստաթուղթ մենք այս պահին, այսօր չենք քննարկում»։ Թեմայի շուրջ «Ժամանակը» զրուցել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ։ [b]– Պարոն Տարասով, Մամեդյարովն ասում է, թե այսօր սեղանին դրված են 2016 թ. ռուսական առաջարկները, հայկական կողմը հերքում է, իսկ Լավրովը ո՛չ հաստատեց, ո՛չ էլ հերքեց այս տեղեկությունը։ Ո՞վ է ի վերջո ստում։[/b] – Նախ, բանակցությունները փակ են, և կան որոշակի պարտավորություններ՝ չհրապարակելու տեղեկությունը։ Հակամարտող կողմերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միշտ հանդես են եկել հակասական հայտարարություններով։ Համատեղ հայտարարությունները շատ քիչ են։ Մնացականյանն իր մեկնաբանությունն է ներկայացնում, իսկ Մամեդյարովը առաջինը տեղեկության արտահոսք կազմակերպեց՝ հայտարարելով, թե իբր քննարկվում է 2016 թվականի տարբերակը, բայց ի՞նչ տարբերակ է դա, այն նախագիծը, որը ստացել է «Լավրովի պլան» անվանո՞ւմը. այն բնության մեջ գոյություն չունի, քանի որ Ռուսաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես հերքել է դա։ Իսկ ամերիկացի համանախագահը հայտարարեց, թե «սեղանին դրված առաջարկների համալիրը, որը կարելի է պայմանականորեն կոչել «Լավրովի պլան», բայց դա «Լավրովի պլան» չէ, պարզապես մենք ենք այդ աշխատանքային անվանումը տվել դրան»։ Այսինքն՝ սա, կարծես, իսկական «աբրակադաբրա» լինի։ Սա՝ առաջինը։ Երկրորդը, միջնորդներն ըստ երևույթին փորձում են պարզել երկու կողմերի դիրքորոշումները։ Բայց քանի՞ անգամ են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները՝ սկսած 1994 թվականից, ինչքա՞ն կարելի է ուսումնասիրել նրանց դիրքորոշումները։ Ընդհանրապես բանակցային ողջ գործընթացի հիմքում ընկած են ընդամենը 5-6 բազային փաստաթղթեր, բայց ամբողջ խնդիրն այն է, որ կողմերը չեն մշակել ընդհանուր հայեցակարգային ապարատ։ Եթե այս հասկացությունը թարգմանենք ավելի հասկանալի լեզվի՝ սա, կոպիտ ասած, նշանակում է, որ եթե մենք երկուսով նայում ենք պատուհանին, ես ասում եմ, որ սա պատուհան է, իսկ դուք ասում եք՝ սա դուռ է, ապա մենք երբեք համաձայնության չենք հասնի։ Եվ այսօր հրապարակայնորեն այսպիսի շիզոֆրենիկ դիրքորոշում է արտահայտվում։ Այդուհանդերձ, փորձառու դիվանագետները հասկանում են, որ բանակցությունները շարունակվում են, նրանք խոսում են ինչ-որ բանի մասին։ Փաստ է այն, որ Մնացականյանը և Մամեդյարովը հանդիպում են։ Փաստ է այն, որ հանդիպում են նաև Փաշինյանն ու Ալիևը։ Նշանակում է՝ կա բանակցությունների առարկա, բայց այն խնամքով թաքցվում է, և բոլորս էլ հասկանում ենք, որ եթե չլիներ քննարկման կոնկրետ առարկա՝ բանակցություններ տեղի չէին ունենա։ Ի՞նչ կա այս ամենի ետևում՝ ոչ ոք չգիտի, այդ թվում նաև ես... [b]– Իսկ Վիեննայի գագաթնաժողովից անմիջապես հետո Մոսկվայում արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու նպատակը ո՞րն էր։ Ռուսաստանն ուզում է ցույց տալ, որ ի՞նքն է «առաջին ջութակը» Մինսկի խմբում, թե՞ մյուս համանախագահներն էլ հավանություն էին տվել այդ հանդիպմանը։[/b] – Մինսկի խմբում համանախագահող մյուս երկու երկրների նախագահները՝ Մակրոնը և Թրամփը, թքած ունեն Ղարաբաղի վրա, նրանք չեն զբաղվում այս հարցով, քանի որ Ղարաբաղը շատ հեռու է իրենցից։ Իսկ Պուտինը զբաղվում է, քանի որ այն մոտ է մեզ։ Եթե պատերազմը Մերձավոր Արևելքից տեղափոխվի Հարավային Կովկաս, դա ուղղակիորեն կազդի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Ռուսաստանի վրա։ Մենք պետք է կանխենք իրադարձությունների նման ընթացքը։ Սա է հարցը։ Երկրորդը, Ռուսաստանի համար մեծ հաշվով միևնույն է՝ ում կպատկանի Ղարաբաղը, Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին։ Մենք չենք պատրաստվում գրավել Ստեփանակերտը և միացնել Ռուսաստանին։ [b]– Այստեղից էլ հարց՝ հաշվի առնելով արտգործնախարար Լավրովի այս վերջին ակտիվությունը՝ կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ։[/b] – Հայաստանի և Ադրբեջանի համար Մոսկվայի դիրքորոշման վտանգը կայանում է հետևյալում՝ եթե կողմերը չկարողանան համաձայնության հասնել, և եթե հարավից, հատկապես Իրանից ապակայունացման վտանգ ստեղծվի և դա սկսի ազդել Անդրկովկասի վրա Արաքս գետի երկայնքով, ապա այդ պարագայում ռուսները դուրս կգան Արաքս՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը, և չեն պաշտպանի ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ հայերին, նրանք կպաշտպանեն միայն իրենց և իրենց ազգային շահերը։ Եվ այս գործոնը զսպում է բոլորին։ Ռուսներն ասում են՝ համաձայնության հասեք, պայմանավորվեք, մենք պայման չենք թելադրում։ Բայց եթե համաձայնության չհասնեք, և մեր քթի տակ պատերազմ սկսվի՝ այդ պատերազմը վտանգավոր է մեզ համար, և մենք թքած ունենք ձեզ վրա, մենք մեր խնդիրներն ենք լուծելու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր