211652_close_icon
views-count19919 դիտում article-date 23:47 27-04-2019

Նելլի Դուրյանը՝ փոխնախարարի ու այլ բարձր պաշտոններից հրաժարվելու մասին. Aravot.am

Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ոստիկանական համակարգ է մտել 17 տարեկանից՝ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Թեև անգլիական թեքումով դպրոցն ավարտելուց հետո ծնողների հորդորով տիկին Դուրյանը պատրաստվում էր ընդունվել Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան, նրա խոսքով, կես բալի տարբերությամբ բուհից դուրս է մնացել, ինչը իրեն ոչ թե տխրեցրել, այլ ուրախացրել է, որովհետև լեզուների գծով բարձրագույն կրթություն ստանալու ծնողների հորդորն ամենևին էլ իր սրտով չէր, հայտնում է [url=https://www.aravot.am/2019/04/27/1039132/?fbclid=IwAR3CiuNZk9pl-hIKJdePYGFufBiu1kCYqTik1Bt9zGYv1Y_6Zdsk1E0sVlw]Aravot.am[/url]-ը: «Այդ ժամանակ ես արդեն որոշումս կայացրել էի, որ պետք է մտնեմ ոստիկանություն, ի դեպ, սկսեմ աշխատել, որովհետև իմ հետագան պատկերացնում էի սկսել աշխատանքով: Դեռևս անչափահաս էի, չէի կարող ոստիկան դառնալ, ոստիկանություն մտա որպես ազատ վարձու աշխատակցուհի, աշխատեցի մեկ տարի, ու 18 տարիս լրանալուց հետո սկսեցի շարքային ոստիկան աշխատել: Մայրիկս աշխատում էր ոստիկանությունում կադրերի վարչությունում, բայց նա բացարձակ չի միջնորդել, չի խառնվել իմ գործունեությանը, և ես շատ շնորհակալ եմ, որովհետև եթե այդպես չլիներ, ու ինքն ինձ օգներ, բարեխոսեր ինձ համար, ես այսօր այստեղ չէի հայտնվի»: Ոստիկանի մասնագիտությունը Նելլի Դուրյանը ստացել է Երևանի միջնակարգ մասնագիտական դպրոցում: Իսկ այդ դպրոց ընդունվելուն Դուրյանի մայրը շատ դեմ է եղել. «Ասում էր՝ ոնց թե դու գնաս միջնակարգ դպրոց, դիմիր համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, դարձիր իրավաբան, էլի ոստիկանությունում ոստիկան աշխատիր,իսկ ես համամիտ չէի, մտածում էի, որ եթե ուզում եմ դառնալ ոստիկան, նախ ոստիկանի մասնագիտություն պետք է ունենամ, իսկ ոստիկանի մասնագիտությունը տալիս էր հենց այդ հաստատությունը, ու դիմեցի միջնակարգ մասնագիտական դպրոց, ավարտեցի կարմիր դիպլոմով ու յոթ տարի աշխատեցի որպես շարքային ոստիկան: Աշխատում էի հերթապահ մասում, պատասխանում էի հեռախոսազանգերին: Այդ տարիներին մի քանի անգամ դիմեցի ղեկավարությանը սպայի կոչում ստանալու հարցով, մի քանի անգամ մերժվեցի՝ միջնակարգ դպրոցի դիպլոմ ունենալու պատճառաբանությամբ, ասում էին՝ թեև առավելություն է կարմիր դիպլոմը, բայց հերթում կան բարձրագույն կրթությամբ դիպլոմներ ունեցող ոստիկաններ»: Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2019/04/27/1039132/?fbclid=IwAR3CiuNZk9pl-hIKJdePYGFufBiu1kCYqTik1Bt9zGYv1Y_6Zdsk1E0sVlw]Aravot.am[/url]-ում Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր