211652_close_icon
views-count1511 դիտում article-date 10:37 26-04-2019

Արդեն տևական ժամանակ է՝ ԿԳՆ-ն ուսուցիչներին չի վերապատրաստում․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Իշխանության գալուց հետո կրթության ոլորտի պատասխանատուներն անմիջապես անցան նախկինների կատարածը թերագնահատելուն, քննադատելուն ու մի շարք հաստատություններում խախտումներ հայտնաբերելու մասին հայտարարություններ անելուն: Որտեղ ասես ու ինչքան ասես աուդիտ հայտարարեցին, բայց տեսանելի խախտումներ չհայտնաբերելով՝ հանգիստ նստեցին տեղները: Բարձաձայնեցին նաև մի շարք ՊՈԱԿ-ներ օպտիմալացնելու, ուսուցիչների վարքականոն մշակելու և նրանց աշխատավարձը բարձրացնելու մասին: Հայտարարությունները, սակայն, մինչ այս պահը կյանքի չեն կոչվել: Կրթության և գիտության նախարարության ամեն մի «հեղափոխական» հայտարարությունից հետո բողոքի հսկայական ալիք է բարձրանում, ոլորտի մասնագետներն ահազանգում են՝ այդպես վարվել չի կարելի: Ինչ վերաբերում է ուսուցիչների վարքականոնի մշակմանը, նոր որակի մանկավարժներ պատրաստելուն և ըստ այդմ բարձր վարձատրություն ապահովելուն, ապա այդ բարեփոխումներին միտված ծրագիրը՝ «Ուսուցիչը», դեռ երկու տարի առաջ էր մեկնարկել, որն այժմ նոր իշխանությունները սահուն կերպով փորձում են իրենց վերագրել: Վերոնշյալ ծրագիրն իրոք կարելի է հեղափոխական համարել, քանի որ դրանով նախատեսվում էր ուշադրություն դարձնել կարևորագույն երկու ուղղության՝ ուսուցչի աշխատանքի որակական արդյունքի բարձրացմանը և ուսուցչի սոցիալական կացության կտրուկ բարելավմանը: Նախատեսվում էր, որ ծրագրի շնորհիվ բարելավվելու է ուսուցչի հեղինակությունը հասարակությունում, իսկ վերապատրաստումների ծրագրի ամբողջական փոփոխությունն ազդելու է ուսուցչի աշխատանքի որակի վրա: Ձևավորվելիք համակարգը, ի դեպ, կիրառելի էր լինելու միայն Հայաստանում: Ուսուցիչները, ծրագրի շրջանակում անցնելով հատուկ վերապատրաստումների փուլ, կարող էին տարբեր աստիճանների տարակարգեր ստանալ, ինչը նրանց հնարավորություն կտար մինչև 50 տոկոս ավելի աշխատավարձ ստանալու: «Ուսուցիչ» ծրագիրը նախորդ տարի գրեթե ավարտուն տեսք ուներ, բայց քաղաքական վերադասավորումները հետին պլան մղեցին այն: Այժմ, ծրագրի առանձին դրույթներից օգտվելով, նոր կառավարիչները փորձում են նորարար երևալ ու բարձր աշխատավարձ խոստանալ ուսուցիչներին: Պարզվում է՝ նորեկներն այդքան էլ լավ չեն հասկացել ծրագրի ամբողջ էությունը, հետևաբար այն ամբողջապես կյանքի կոչել չեն կարողանում: Մանկավարժները ոչ միայն այս ծրագրով նախատեսված, այլև նախարարության կողմից պետականորեն հաստատված վերապատրաստումները չեն անցնում: Ուսուցիչների ու տնօրենների համար պարտադիր վերապատաստումն ու ատեստավորումը, որ անց են կացվում համապատասխանաբար 3 և 5 տարին մեկ, ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտը (ԿԱԻ) արդեն տևական ժամանակ չի իրականացնում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր