211652_close_icon
views-count1827 դիտում article-date 22:42 25-04-2019

Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ առաքելական եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի միջոցառում

Ապրիլի 24-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի միջոցառում, որին ներկա էին բելգիահայ համայնքի բազմաթիվ անդամներ, համայնքային կառույցների ղեկավարները, Բելգիայում, ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում ՀՀ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն ու դիվանագետները: Արարողությանը եկեղեցական երգչախմբի և Ախթամար լարային քառյակի կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները: Արարողությունից հետո միջոցառման մասնակիցները քայլերթ կատարեցին դեպի Բրյուսելի Հենրի Միշոյի անվան հրապարակ, որտեղ տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողը: Տեղի ունեցավ հիշատակի միջոցառում, որին ներկա էին նաև Բելգիայի ֆրանսախոս համայնքի խորհրդարանի նախագահը, Բելգիայի դաշնային և ռեգիոնալ խորհրդարանների տասնյակ ներկայացուցիչներ, տեղական վարչակազմերի ղեկավարներ, Բելգիայի ազգային փոքրամասնությունները ներկայացնող կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Բելգիայի օրենսդիր և գործադիր կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ցեղասպանություն վերապրած ազգերի Բելգիայում գործող կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի և եկեղեցական առաջնորդներ: ՀՀ դեսպանն իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանն ուղղված շարունակական ջանքերը: Դեսպանն ընդգծեց հատկապես թուրքական ագրեսիվ ժխտողականության դեմ պայքարում համատեղ ջանքերի կարևորությունը: Միջոցառման վերջում տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն: Նույն օրը երեկոյան Բրյուսելի Հայ տանը տեղի ունեցավ հիշատակի համերգ:

Նմանատիպ նյութեր