Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Կարու Ջեյասուրիյային:
Ինչպես հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
խոր ցավով տեղեկացա Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի, վիրավորների եւ մեծ կորուստների պատճառ են դարձել:
Մենք դատապարտում ենք ահաբեկչության եւ բռնության բոլոր դրսեւորումները եւ հանձնառու ենք հետեւողականորեն շարունակել պայքարն ընդդեմ անմարդկային գործողությունների:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ, Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին եւ զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: