211652_close_icon
views-count1844 դիտում article-date 11:15 19-04-2019

Փոխվել է շատ կարևոր բան՝ իշխանության լեգիտիմության վրա այս պահին ոչ ոք չի կասկածում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանում հետհեղափոխական իրավիճակը գնահատելիս հաճախ հնչում է երկու ծայրահեղական կարծիք. 1) ոչինչ չի փոխվել, ամեն ինչ մի տարի առաջ պայմանավորված էր («խոսացած էր»), ամեն ինչ հիմնված է խաբեության վրա, 2) հեղափոխության շնորհիվ մենք այժմ ապրում ենք դրախտում, հրեշտակատիպ ղեկավարների հոգատար հովանավորության ներքո: Իրականում փոխվել է շատ կարևոր բան՝ խորհրդարանի, կառավարության, ընդհանրապես իշխանության լեգիտիմության վրա այս պահին ոչ ոք չի կասկածում: Ինքը՝ խորհրդարանը, նույնպես փոխվել է: Եթե նախորդ գումարման խորհրդարաններում Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն միանգամայն «օրգանական» էին թվում, ապա այսօր դա այդպես չէ: Բանն այն է, որ 1995 թվականից սկսած խորհրդարան բացի քաղաքական գործիչներից (լավ թե վատ), գալիս էին մարդիկ, որոնց միակ նպատակն էր իրենց բիզնես շահերը պաշտպանելը: Օրինակ, նախորդ խորհրդարանում, բացի Ծառուկյանից և նրա խմբակցությունից, որոնք գոնե ֆորմալ առումով ընդդիմություն էին, մեծամասնությունում նույնպես բազմաթիվ էին զուտ բիզնեսով զբաղվողները, և ԲՀԿ-ի ներկայությունն այնտեղ ոչ միայն բնական էր, այլև ինչ-որ տեղ արդարացված, ցանկալի, քանի որ հավասարակշռում էր ՀՀԿ-ական բիզնեսմեններին: Այսօրվա ԱԺ-ում 88 հոգանոց մեծամասնությունը, անկախ նրանից, թե ով ինչպես է նրան վերաբերվում, եկել է խորհրդարան ինչ-որ գաղափարներ իրագործելու համար: Դարձյալ կարևոր չէ, թե որքան են այդ գաղափարները ճիշտ կամ սխալ, որքանով են մեծամասնության պատգամավորները փորձված կամ անփորձ, պատրաստված կամ անպատրաստ, նրանց գործառույթը, ինչպես և «Լուսավոր Հայաստանինը», քաղաքական է: Այդ ֆոնի վրա «չի նայվում» մի խմբակցություն, որի հիմնական գործառույթն իրենց ղեկավարի բիզնես շահերը (ցեմենտի գործարանը, «Առինջ մոլը» և այլն) առաջ տանելն է: Դա խորհրդարանական աշխատանքի հնացած մոդել է՝ որքան էլ ԲՀԿ խմբակցության մեջ խելացի և հարգարժան մարդիկ լինեն: Չի փոխվել մեկ այլ բան, որն, ի դեպ, չի փոխվել ոչ միայն անկախ Հայաստանի, այլև խորհրդային շրջանից: Հիշենք, որ Սովետի ժամանակ էլ կառավարման ձևը խորհրդարանական էր, բայց դա, ինչպես հայտնի է, ձևականություն էր, և ամեն ինչ, այդ թվում՝ կադրային հարցերը, որոշվում էին կուսակցության Կենտկոմում: Հիմա, կարծես թե, այդպես չպիտի լինի՝ որոշ պաշտոններ՝ օրինակ, ԵՊՀ ռեկտոր, Հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահ, ՍԴ դատավոր և այլն, պետք է ստանձնեն ապաքաղաքական մասնագետները: ՍԴ դատավորի ընտրության դեպքը վերջինն է և առավել ցայտունը: Մեծամասնությունը թեկնածուի առջև դնում էր քաղաքական հարցեր («թեստեր») և պահանջում էր, որ նա պատասխանի այդ մեծամասնության քաղաքական հայացքներին համահունչ: Բայց պարզ է, չէ՞, որ դատավորը (ցանկացած դատավոր, առավել ևս՝ ՍԴ-ի) չի կարող քաղաքական գնահատական տալ որևէ քրեական գործի, հատկապես «մարտի 1-ին», բա որ կողմերից մեկն այդ գործի որևէ դրվագով դիմի ՍԴ, ինչպե՞ս է նա դատելու. եթե իշխանությունը («Կենտկոմը») ունի ՍԴ դատավորի իր թեկնածուին, ապա պետք չէ «ժողովրդավարական ընտրության» պատրանք ստեղծել՝ թող դնեն և նշանակեն իրենց մարդուն»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր