211652_close_icon
views-count1835 դիտում article-date 22:50 17-04-2019

Փարիզում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ապրիլի 17-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի հետ: Նախարար Մնացականյանը նշեց, որ իր այցը լավ հնարավորություն է՝ անդրադառնալու հայ-ֆրանսիական հարաբերությունների լայն օրակարգին, երկու ժողովուրդների միջև առկա ավանդական սերտ բարեկամությանը, որի զգացողությունն ամենուր է: Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Այս առնչությամբ զրուցակիցները բարձր գնահատեցին խորհրդարանական դիվանագիտության դերը՝ վերահաստատելով այդ ոլորտում սերտ համագործակցություն ծավալելու պատրաստակամությունը: Զոհրաբ Մնացականյանը Մարիել Դը Սարնեզին տեղեկացրեց ՀՀ Ազգային ժողովում Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական բարեկամության նորաստեղծ խմբի մասին՝ ընդգծելով, որ հայկական կողմը ջանք չի խնայելու երկու երկրների բարեկամության և պատմական հարուստ ավանդույթների վրա հիմնված կապերի առավել սերտացման համար: Նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգին, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է: Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-ֆրանսիական բազմաոլորտ փոխգործակցության շրջանակներում ձևավորված սերտ կապերը տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտներն ունեն զարգացման և առավել խորացման մեծ ներուժ: Անդրադարձ կատարելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ կարևորեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ինչպես Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի և կառավարության զարգացման օրակարգի առաջմղման, այնպես էլ՝ ԵՄ և Եվրամիության անդամ երկրների հետ բազմակողմ և երկկողմ ձևաչափերով համագործակցության խթանման առումով: Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր