Արտակ Զեյնալյանը պարզաբանեց՝ օպտիմալացման արդյունքում որևէ ոլորտ դուրս չի մնա կառավարության պատասխանատվությունից
Կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում կրճատվող նախարարությունների գործառույթներն իրականացվելու են դրանց փոխարեն ստեղծվող նոր նախարարությունների փոխնախարարների միջոցով: «[url=https://armenpress.am/arm/news/971583.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Երկրում իրականացվող քաղաքականության համար համապարփակ կերպով պատասխանատու է կառավարությունը: Չկա մի ոլորտ, որը դուրս մնա կառավարության պատասխանատվությունից: Չկա որևէ երկիր, որտեղ նախարարությունների ցանկն ու կառավարության կառուցվածքը կրկնի մյուսին, ամենուրեք իրականացվում է պետական կառավարում: Նաև հաջողված երկրներում չկան կրկնություններ, չկա նախարարությունների ցանկի ու կառավարության կառուցվածքի ունիվերսալ բանաձև: Քաղաքականությունը, որն իրականացվել է գյուղատնտեսության ոլորտում, շարունակելու է իրականացվել Էկոնոմիկայի նախարարության միջոցով, լինելու են այդ ոլորտների համար պատասխանատու տեղակալներ, ովքեր մշակելու են նախագծերը և ներկայացնելու են նախարարին ու կառավարությունը: Եվ գյուղատնտեսության, և մշակույթի ոլորտում քաղաքականությունը իրականացվելու է այնպես, ինչպես իրականացվել էր՝ համապատասխան մեր կողմից ստանձնած պարտավորությունների»,- ասաց Զեյնալյանը:
Արդարադատության նախարարը նշեց, որ նախարարությունների ցանկի ու կառավարության կառուցվածքի ունիվերսալ բանաձև չկա:
«Այս պահի դրությամբ մեր կառավարությունը գտնում է, որ նախարարությունների այս ցանկով ու կառուցվածքով է հնարավոր իրականացնել այն: Սա մեր քաղաքական կամքի դրսևորումն ու համոզմունքն է»,- նշեց նախարարը:
Նախագծի ընդունման դեպքում նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.
Արտաքին գործերի նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Արդարադատության նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն
Բնապահպանության նախարարություն
Առողջապահության նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: