211652_close_icon

Դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը

views-count5578 դիտում article-date 10:35 12-04-2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Որոշումը հրապարակեց նիստը նախագահող Գագիկ Պողոսյանը: Քոչարյանի պաշտպանները ներկա չէին դատական նիստին: Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խումբը բողոք էր ներկայացրել դատարան։ 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին կալանավորման որոշումը:

Նմանատիպ նյութեր