Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը հրաշք գործեց՝ անհույս գոտեմարտում հաղթելով մրցակցին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային կարգում ազատ ոճային Արսեն Հարությունյանը քիչ առաջ ֆանտաստիկ գոտեմարտում հաղթեց Վրաստանը ներկայացնող Բեկա Լոմտաձեին:
Գոտեմարտի մեկնարկում հայ ըմբիշը պարտվում էր 0:8 հաշվով:
Սակայն հետո Արսենը իսկական հրաշք գործեց՝ կարողանալով ոչ միայն կրճատել միավորների տարբերությունն, այլև գերազանց ոճով հաղթանակ տանել 17-11 հաշվով:
Հիշեցնենք, որ 61 կգ քաշային կարգում 19-ամյա Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 14:8 հաշվով հաղթելով ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին:
Քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանի մրցակիցը թուրք Ռեջեփ Թոփալն էր: Ու թեև գոտեմարտի սկզբում Արսենը պարտվում էր, կարողացավ կամային հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: Կիսաեզրափակչում Հարությունյանի մրցակիցը ռումինացի Նիկոլայ Օխլոպկովն էր, ում երկրպագում էր ողջ դահլիճը, սակայն կրկին կամային հատկանիշների շնորհիվ Արսենը հաղթեց 10:4 հաշվով։