211652_close_icon
views-count1332 դիտում article-date 11:15 10-04-2019

Հայաստանն ու Պորտուգալիան հաջող գործընկերներ կարող են լինել մի շարք ոլորտներում. Արմեն Սարգսյանը հանդիպել է Պորտուգալիայի նախագահի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել երկրի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի հետ։ Նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան ողջունել է Հայաստանի իր գործընկերոջ այցը Պորտուգալիա։ Ընդգծելով երկու երկրների ու ժողովուրդների պատմամշակութային սերտ առնչությունները՝ Պորտուգալիայի նախագահը մեծագույն ակնածանքով է խոսել պորտուգալահայ հայտնի գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանի ու նրա անունը կրող հիմնադրամի գործունեության մասին։ Նախագահ Սարգսյանն իր հերթին բարձր է գնահատել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի մարդասիրական ու մշակութային գործունեությունը և նշել է, որ հիմնադրամը յուրատեսակ կամուրջ է հայ-պորտուգալական հարաբերություններում։ Հայաստանի և Պորտուգալիայի նախագահները մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։ Նրանք համակարծիք են եղել, որ երկու երկրները հաջող գործընկերներ կարող են լինել կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում։ Անդրադառնալով Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու կայանի կառուցման ծրագրին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանն այս ոլորտում ունի մեծ գիտական ներուժ։ Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն՝ զրուցակիցներն առանձնացրել են նաև զբոսաշրջության ոլորտը։ Նշելով, որ Հայաստանից ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ կարող են այցելել Պորտուգալիա և ավելի մեծ թվով պորտուգալացիներ կարող են գալ և բացահայտել Հայաստանը՝ կողմերը կարևորել են երկու երկրների միջև օդային հաղորդակցության բարելավման խնդիրը և հնարավորությունների ուսումնասիրումը։ Նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել է Պորտուգալիայի նախագահին պաշտոնական այց կատարել Հայաստան։ Իր հերթին նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան հրավիրել է Հայաստանի իր գործընկերոջը՝ պաշտոնական այց կատարել Պորտուգալիա։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր