16222 դիտում
23:56 09-04-2019
«Սպայկա»-ն չի կարողանա մի քանի համայնքներում մթերում ապահովել. հայտարարություն
Արտասահմանյան բանկերի կողմից «Սպայկա»-ի վարկային միջոցների հետ կանչման պատճառով ընկերությունը չի կարողանա մի քանի համայնքներում մթերում ապահովել: Այս մասին նշված է ընկերության հայտարարության մեջ: Այն ներկայացնում ենք ստորև.
«Սպայկան» իր ողջ գործունեությունը, ընկերության հիմնադրման օրվանից, ուղղել է Հայաստանում տնտեսական արժեքներ ստեղծելուն, թույլ չի տվել ընկերությանը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ տարբեր շահարկումների միջոցով:
Պետության անվտանգությունը մեզ համար եղել և մնում է կարևորագույն չափանիշ: Մենք ակտիվ կերպով համագործացում ենք կառավարության հետ՝ ներկայացնելով տարբեր ծրագրեր, բերելով ներդրողներ մեր երկիր, բացելով բիզնեսի ֆինանսավորման բազմաշերտ դռներ, պատրաստելով գյուղատնտեսության բարձրակարգ մասնագետներ:
.Մենք ողջունում ենք հռչակված տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակը և պատրաստ ենք աջակցել՝ հասնելու այն նշաձողերին, որոնք կառավարությունը սահմանում է:
«Սպայկա» ընկերությունը 2010 թ.-ից մթերում է իրականացնում Հայաստանում, անկախ ընկերության ունեցած օբյեկտիվ դժվարություններից եղել և շարունակում է մնալ արտադրողի, ֆերմերի կողքին:
Ընկերությունը հիմնականում աշխատում է ավելի քան 80 համայնքների, անուղղակի ևս տասնյակ համայնքների հետ: Այս բոլոր տարիների ընթացքում չի եղել մի հիմնավորված դեպք, որ ընկերությունը պարտք մնա որևէ ֆերմերի: Ընկերությունը աշխատում է տասնյակ հազարավոր ֆերմերների հետ, տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն:
Մթերման գործընթացի կազմակերպման համար ընկերությանն ամսեկան անհրաժեշտ է մոտ 5.000.000.000 ՀՀ դրամ, որը օգտագործվում է ընկերության շրջանառու վարկային միջոցներից: Այդ միջոցները կարճաժամկետ են և ենթակա են անվերապահ հետվերադարձման բանկին մեկ կամ երկու ամսյա ժամկետը լրանալուն պես: Համաձայն վարկային պայմանագրի՝ բանկի կողմից այդ միջոցները կարող են ցանկացած պահի կրկին չտրամադրվել օգտագործման, եթե բանկը համարի, որ ընկերության բնականոն գործունեությունն ինչ-ինչ պատճառներով խաթարված է կամ ընկերության ֆինանսական դրությանը կարող է վտանգ սպառնալ: Դրա համար բանկին որևէ հիմնավորում պետք չէ:
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը իր մամուլի ասուլիսում հայտնեց, որ անցյալ տարի օգոստոսին ընկերության բանկային հաշիվները սառեցվել էին բանկերի կողմից, ինչի արդյունքում ընկերությունը պարալիզացվել էր: Դրանք կրկին բացվեցին ընկերության կողմից քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո: Ընկերությունն այդ ժամանակ ստիպված եղավ վճարել ՊԵԿ-ի կողմից չհիմնավորված 2.045.000.000 ՀՀ դրամի հարկային պարտավորություններ, որպեսզի ի վիճակի լինի շարունակել իր գործունեությունը:
.2018թ-ի մայիսի 2-ից մինչև 2019թ ապրիլի 4-ը ընկերությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրել է մոտ 90.000.000 ԱՄՆ դոլար!!!!
Ներկայումս ընկերության տնօրենի կալանավորման և պետական մարմինների ու պաշտոնյաների կողմից ենթադրական մեղադրանքների վերաբերյալ հայտարարությունների արդյունքում սկսվել է արտասահմանյան բանկերի կողմից ընկերության վարկային միջոցների հետ կանչման գործընթաց, որի արդյունքում կարող են սառեցվել ընկերության հաշիվները, կալանքի տակ դրվել գրավադրված գույքը, այդ թվում՝ բեռնատարները:
Նման պայմաններում ընկերությունը չի կարողանալու օգտվել շրջանառու միջոցներից և կազմակերպել նախապես պլանավորած մթերում հետևյալ համայնքներում:
Արարատի մարզ
Ավշար, Սիսավան, Քաղցրաշեն, Նարեկ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Շահումյան, Գետազատ, Կանաչուտ, Մրգանուշ, Ջրաշեն, Սուրենավան, Փոքր Վեդի, Նոր Ուղի,Լուսառատ, Դաշտաքար, Վերին Դվին,
Ներքին Դվին,
Արմավիրի մարզ
Լուկաշին, Մրգաշատ, Ալաշկերտ, Բերքաշատ, Արևիկ, Հացիկ, Այգեշատ, Մայիսյան,Մյասնիկյան, Արաքս, Լենուղի, Նոր Ամասիա, Նալբանդյան, Տանձուտ, Շենիկ, Երվանդաշատ, Բագարան, Դաշտ
Տավուշի մարզ
Լճկաձոր, Բագրատաշեն , Պտղավան, Հաղթանակ, Բերդավան
Լոռու մարզ
ք. Տաշիր
Վայոց Ձորի մարզ
Արենի, Ռինդ, Աղավնաձոր, Քարագլուխ, Սալի,
Արագածոտնի մարզ
Ուշի, Կարբի, Օհանավան, Փարպի,Ոսկևազ, Սասունիկ, Օշական, Ուջան, Ագարակ
Շիրակի մարզ
Կառնուտ, Բենիամին, Ախուրյան, Ազատան, Հացիկ, Գետք, Առափի, Արևիկ
Գեղարքունիքի մարզ
Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Ծովինար, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Մադինա, Լիճք, Վարդաձոր, Ձորագյուղ, Երանոս,
Կոտայքի մարզ
Նոր Գեղի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Գեղաշեն:
Մենք հասկանում ենք, որ գյուղատնտեսական տարվա մեկնարկին զուգահեռ գյուղացիական տնտեսությունները ներգրավում են ֆինանսական միջոցներ, հաճախ նաև վարկային (ինչպես և մեր ընկերությունը) ագրոտեխնիկական համապատասխան աշխատանքների կազմակերպման համար՝ վար, պարարտանյութ, էտ, բուժումներ, ջրում, բերքահավաքի կազմակերպում:
Նման միջոցներ ներգրավելու համար ֆերմերներին անհրաժեշտ է մթերքի սպառման, առնվազն կատարված ծախսերին համարժեք գնով սպառման հնարավորության մեջ: «Սպայկա» ընկերության դերը գյուղատնտեսության մեջ հենց այդ հավելյալ հնարավորությունն է ֆերմերների համար և ոչ թե պարտադրանքը՝ մթերքը առանց այլընտրանքի հենց «Սպայկա» ընկերությանը վաճառելու:
.Ընկերությունն առնվազն 10 տոկոս շուկայական մթերման գնից բարձր գին է առաջարկում ֆերմերներին: Ընդ որում, մինչև 2011թ-ը ծիրանի մթերման միջին գինը եղել է 200 դրամ, նվազագույնը՝ մինչև 100 դրամի: Իսկ վերջին 5 տարիների ընթացքում հենց «Սպայկա» ընկերության շնորհիվ արտահանման ենթակա ծիրանի մթերման միջին գինը կազմել է 300-350 դրամ, իսկ նվազագույնը 250 դրամ: Նման պատկեր է բոլոր մթերքների մասով:
Ընկերության շնորհիվ հանրապետությունից սկսել է արտահանվել բազուկ, կաղամբ, դեղձ, աճել է խաղողի արտահանման ծավալները: Այս բոլոր ապրանքների արտահանման նախաձեռնողը եղել է Սպայկա ընկերությունը:
Ընկերությունն այսօր նույնիսկ ընկերության տնօրենի կալանավորման հետևանքով ստեղծված ծայրահեղ անբարենպաստ պայմաններում ինտենսիվ աշխատանք է տանում նշված համայնքների հետ մթերման աշխատանքների կազմակերպումը պատճաշ կատարելու ուղղությամբ:
«Սպայկա» ընկերությունը երբևէ ոչ մեկի շանտաժի չի ենթարկում և հարգալից է վերաբերվում իր բոլոր գործընկերներին, հատկապես պետությանը և պետական անվտանգությանը:
Ընկերության տնօրենը իր արտահայտություններում կոչ է արել ապօրինի կալանք չկիրառել և թույլ տալ կազմակերպել աշխատանքները, այլ ոչ թե սպառնալիքներ հնչեցրել:
Ընկերության կողմից մթերման աշխատանքների հնարավոր ձախողումը որևէ կերպ չի բխում ընկերության շահերից: Դա միայն ու միայն կարող է տեղի ունենալ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ապօրինի կալանավորման արդյունքում ընկերության գործընկեր արտասահմանյան և տեղական բանկերի կողմից ընկերության վարկային հաշիվների սառեցման կամ գույքի նկատմամբ կալանքի իրավունքի կիրառման և ստեղված իրավիճակի հետևանքով ընկերության ֆինանսական դրության կտրուկ վատթարացման հետևանքով»: