211652_close_icon

Կաթնամթերք արտադրող ընկերությունները գյուղացիներից այլևս կաթ կամ չեն մթերում, կամ մթերման գները խիստ նվազեցնում են.168 ժամ

views-count1271 դիտում article-date 09:45 26-05-2015
««168 ժամը» ահազանգ էր ստացել Վարդենիսի տարածաշրջանի ֆերմերներից այն մասին, որ կաթնամթերք արտադրող ընկերությունները գյուղացիներից այլևս կաթ կամ չեն մթերում կամ մթերման գները խիստ նվազեցնում են: Գյուղացին խուճապի է մատնվել՝ չիմանալով՝ ինչպես վարվել այս իրավիճակում: Եթե նախկինում տարվա այս եղանակին նրանք մթերում էին 1 լիտրը 180 դրամով, այսօր նրանք գյուղացուն ստիպում են վաճառել 90-100 դրամով: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում հաստատելով լուրը՝ ներկայացրեց նաև պատճառը. «Դա պայմանավորված է նրանով, որ հանրապետությունում ներկրվել է շատ էժան կաթի փոշի: Սա ակնհայտ խաբեություն է սպառողի նկատմամբ, որովհետև կաթնամթերք արտադրող շատ ընկերություններ գովազդում են իրենց «անարատ» կաթը, բայց բանից պարզվում է՝ այսօր Հայաստան է ներկրվել մեծ քանակությամբ կաթի փոշի և այդ կաթի փոշով բիզնես են անում, որն ավելի շահութաբեր է: Ոչ ոք չի ստուգում, թե դա ի՞նչ որակի կաթի փոշի է, ի՞նչ է իրենից ներկայացնում, ժամկետա՞նց է, թե՞ ոչ»: Միջազգային շուկայում կրկնակի նվազել են կաթի փոշու գները, Հայաստանը ներկրել է այդ կաթի փոշին՝ և այժմ խոշոր արտադրողներն իրենց կաթնամթերքը դրանով են արտադրում: Որոշ ներմուծող և կաթնամթերք արտադրող ընկերությունների գերշահույթներ ապահովելու նպատակով այսօր հայրենական գյուղատնտեսությունը վտանգի է ենթարկվում: Գյուղացիները, ստիպված, սկսել են համատարած մորթել անասուններին. «Սպանդը սկսել ենք, անասնագլխաքանակը պակասեցնում ենք: Եթե մի տարի այսպես շարունակեն՝ ահագին կպակասի: ես արդեն 10 անասուն եմ մորթել»,- մեզ հետ զրույցում ասել է ֆերմերներից մեկը՝ նշելով, որ նման պայմանների դեպքում գյուղացին չի կարող և անասուն պահել, և խոտ առնել, և վարկեր փակել ու գոյատևել»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր