2033 դիտում
16:19 06-04-2019
Ապօրինի անտառահատումների և այս ոլորտում սխեմատիկ կոռուպցիոն հանցագործությունների դեմ համատեղ պայքարը լուրջ արդյունքներ է տվել
ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել են 2018թ. ընթացքում ապօրինի ծառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները:
Պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործության 953 դեպք: Դրանցից 801-ը կամ մոտ 84%-ը եղել են ծառերի ապօրինի հատումների դեպքեր: Համեմատության համար նշենք, որ 2017թ. ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 606 դեպք, այսինքն հայտնաբերման ցուցանիշն ավելացել է ավելի քան 32%-ով:
Արձանագրված դեպքերից 217-ով հարուցվել են քրեական գործեր: Վարույթում քննված քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 68 անձ: 2017թ. նշված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործերի թիվը եղել է 108, իսկ վարույթում քննված քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 38 անձ: Համեմատությունը փաստում է, որ 2018թ. ընթացքում, նախորդող տարվա համեմատ, հարուցված քրեական գործերի քանակը կրկնապատկվել է, իսկ որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվն ավելացել է մոտ 79 տոկոսով: Եթե 2017թ. ապօրինի ծառահատում կատարելու համար 34 անձ է դատի տրվել, ապա 2018թ. նրանց թիվը կազմել է 38:
Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի նշանակալի արդյունքները հնարավոր է եղել ապահովել այս հանցատեսակի նախականխման, կանխման, բացահայտված դեպքերով քննության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ և ՀՀ բնապահպանության, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված և սերտ համագործակցությամբ իրականացված համալիր միջոցառումների արդյունքում:
Մասնավորապես՝ դատախազության առաջարկությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից անտառօգտագործման պայմանագրերի ձևերում փայտանյութի ձեռքբերման և իրացման հետ կապված մի քանի պարտադիր դրույթների ամրագրման արդյունքում վերացվել է տարատեսակ պատճառաբանություններով անտառատոմսում նշված տեսակից կամ չափից տարբերվող ծառեր հատելու, փայտանյութը սահմանված ժամկետների խախտմամբ անտառից հանելու և տեղափոխելու հնարավորությունը:
Համապատասխան իրավական ակտերում անտառի պահպանության համար պատասխանատու յուրաքանչյուր պաշտոնյայի իրավունքների և պարտականությունների հստակեցման, լիազորությունների կրկնությունները վերացնելու գործընթացի արդյունքում հասցեականացվել են ծառահատմանն առնչվող բոլոր սուբյեկտների գործառույթների ու պատասխանատվության շրջանակները: Որպես հետևանք՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու հեռանկարից խուսափելու նկատառումով պաշտոնատար անձինք հիմնականում ձեռնպահ են մնացել իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու միջոցով ապօրինի ծառահատումները հնարավոր դարձնելուց, հաճախ դրանց հանցակցելուց:
Գլխավոր դատախազի՝ ՀՀ ոստիկանության պետին ուղղված գրության արդյունքում նախաձեռնված և ՀՀ բնապահպանության նախարարության ու ՀՀ ոստիկանության կողմից շրջանառության մեջ դրված ապօրինի ծառահատումների կանխարգելման ու տեղափոխման դեմ համատեղ միջոցառումների պլանով առաջնորդվելու շնորհիվ առավել մանրամասն են ստուգվել համապատասխան մեքենաների վարորդների կամ ուղևորների մոտ բնափայտը տեղափոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունն ու ամբողջությունը: Իսկ ապօրինի ծառահատման և ապօրինի ձեռք բերված բնափայտը անտառտնտեսությունից դուրս բերելու յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ իրականացվել են օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ պարզելու ծառի պահպանման կամ անտառտնտեսությունից բացթողնման համար պատասխանատու իրավասու անձանց շրջանակը:
Պայքարի արդյունավետության համար կարևոր նշանակություն է ունեցել նաև ՀՀ գլխավոր դատախազության առաջարկով դեռևս 2017թ. կեսերից իրավասու մարմինների կողմից որդեգրված՝ բնությանը հասցված վնասի հաշվարկման նոր սկզբունքի կիրարկումը, որով այլևս որպես վնաս է հաշվարկվում ոչ միայն փայտանյութի արժեքը, այլ նաև շրջակա միջավայրը նախկին տեսքի բերելու համար անհրաժեշտ՝ դրա բազմապատիկով հաշվարկվող գումարի չափը:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ և դատախազության կողմից որդեգրված նոր քրեական քաղաքականությամբ ապօրինի ծառահատման ի հայտ բերված յուրաքանչյուր դեպքով պարտադիր քննության առարկա է դարձվել հանցագործությունների կատարմանն անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց մասնակցության հավանականությունը, այսինքն հնարավոր կոռուպցիոն սխեմաների առկայության հանգամանքների պարզումը:
Բոլոր այն դեպքերում, երբ քննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվում ապօրինի ծառահատման հանցագործություններին անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ, անվերապահորեն կիրառվում են նրանց քրեական պատասխանատվության երթակելուն ուղղված իրավական բոլոր գործիքները:
Մասնավորապես՝ նախորդ տարվա ընթացքում վարույթում քննված մի քանի քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել կամ հարուցվել թվով 31 պաշտոնատար անձանց նկատմամբ, այդ թվում՝ բնապահպանական պետական տեսչության պետի 1 տեղակալ, բնապահպանական պետական տեսչության բաժնի պետի 1 տեղակալ, բնապահպանական պետական տեսչության 9 տեսուչ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսությունների թվով 4 տնօրեն, 8 անտառապետ, 6 անտառապահ, անտառտնտեսության մեկ ինժեներ և ոստիկանության բաժնի պետի մեկ տեղակալ:
Պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդումներն իրականացվել են շահադիտական նպատակներով ապօրինի ծառառահատումների կատարման, անտառից փայտանյութի ապօրինի դուրսբերման կանխման, արգելման, հայտնաբերման իրենց պարտականությունները չկատարելուն ուղղված հանցավոր գործողություններ կատարելու կամ անգործություն ցուցաբերելու շրջանակներում կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, փաստաթղթեր վնասելու կամ ոչնչացնելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու կամ դրանց հանցակցության հատկանիշներով: Միայն նշված պաշտոնատար անձանց նման հանցավոր վարքագծի արդյունքում հաշվարկված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 690 մլն դրամ, որից վերականգնվել է 28.5մլն դրամը:
Նշվածներից 19 պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են դատարան, որոնցից 7-ի նկատմամբ կայացվել են մեղադրական դատավճիռներ:
Անտառային տնտեսություն վարող պաշտոնատար անձանց մասով խստացվել է պատժողական քաղաքականությունը: Մեղադրող դատախազների կողմից ավելի հաճախակի միջնորդվել է հիմնական պատիժներին զուգահեռ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ մասնավորապես որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից ժամականավոր զրկելը։
Ինչպես ապօրինի ծառահատումների, այնպես էլ այս ոլորտում սխեմատիկ բնույթ կրող կոռուպցիոն հանցագործությունների նկատմամբ իրավապահ մարմինների լիարժեք անհանդուրժողականության քաղաքականությունը, որպես առաջնահերթություն, շարունակվում է նաև ներկայում, ինչի արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1975 դիտում
18:03 10-10-2015
Ապօրինի անտառահատումների դեմ պայքարը շարունակվում է. տեսանյութ
1075 դիտում
11:11 25-06-2016
Ոստիկանությունը շարունակում է անհաշտ պայքարը ապօրինի անտառահատումների դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»