211652_close_icon
views-count998 դիտում article-date 19:23 05-04-2019

Մեկնարկել է ԱԳ նախարարի այցը Կիգալի. Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Դոնատիլ Մուկաբալիսայի հետ

Ապրիլի 5-ին Կիգալի կատարած պաշտոնական այցելության շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ռուանդայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Դոնատիլ Մուկաբալիսային: Նախարար Մնացականյանն ընդգծեց Հայաստանի հանձնառությունը՝ զարգացնելու ոլորտային համագործակցություն աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ՝ այդ առումով մեծապես կարևորելով միջազգային կառույցների, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը: Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ առկա է լավ ներուժ աշխարհագրորեն միմյանցից հեռու գտնվող երկու ժողովուրդներին առավել մոտեցնելու համար: Այս համատեքստում կարևորվեց Հայաստանի և Ռուանդայի միջև խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման և փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Ներկայացնելով թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և դրան հաջորդած զարգացումները՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրագործվող բարեփոխումներն ուղղված են երկրում ժողովրդավարության ամրպանդմանը և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը: Անդրադառնալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, շարունակելու է հետևողականորեն առաջ տանել ցեղասպանության կանխարգելման օրակարգը: Զրուցակիցները շեշտեցին այս հարցում միջազգային հարթակներում Հայաստանի և Ռուանդայի համատեղ ջանքերի ներդրման կարևորությունը: Դոնատիլ Մուկաբալիսան ողջունեց և բարձր գնահատեց Զոհրաբ Մնացականյանի մասնակցությունը Ռուանդայի ցեղասպանության 25-ամյակին նվիրված միջոցառումներին:

Նմանատիպ նյութեր