2180 դիտում
13:10 05-04-2019
Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը եթովպական հեռարձակման կորպորացիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հարց․ Բարի գալուստ Ադիս-Աբեբա և շնորհակալության մեզ հատկացված ժամանակի համար, պարոն նախարար։
Զոհրաբ Մնացականյան․ Շատ շնորհակալ եմ։ Անչափ հաճելի է գտնվել Ադիս-Աբեբայում։ Երեկվանից մեկնարկել է իմ պաշտոնական այցը։ Եթովպիայի ժողովուրդը, կառավարությունը և իշխանությունները դրսևորեցին մեծ հյուրասիրություն, և ես լիահույս եմ, որ այս այցը մեծ դեր կունենա մեր երկու պետությունների և ժողովուրդների միջև հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու գործում։ Շնորհակալություն։
Հարց․ Շատ հետաքրքիր է։ Սա Ձեր առաջին այցն է Ադիս Աբեբա, ինչպիսի՞ս են Ձեր տպավորությունները։
Զոհրաբ Մնացականյան. Այստեղ ես արժանացա ջերմ ընդունելության, և մենք ունենք փոխըմբռնում և փոխադարձ վճռականություն նոր որակ հաղորդելու մեր երկու ժողովուրդների միջև հարաբերություններին, ժողովուրդներ, որոնք ճանաչում են միմյանց դարեր շարունակ, ովքեր ունեն շատ ընդհանրություններ, փոխադարձ հարգանք, ունեն ընդհանուր պատմություն և քաղաքակրթություն։
Հարց․ Ներկայացրեք Ձեր տպավորությունը. Ինչպե՞ս է այս երկիրը պատկերվել Ձեր հիշողության մեջ: Ի՞նչ գիտեք այս երկրի պատմությունից:
Զոհրաբ Մնացականյան․ Գիտեք, երբ մենք առաջին անգամ հայտարարեցինք Եթովպիա կատարելիք այցի ծրագրերի վերաբերյալ… անցյալ տարի մենք Հայաստանում քննարկում էինք հաջորդ տարվա ծրագրերը և հայտարարվեց, որ կարևոր գործառույթներից մեկը լինելու է այցը Եթովպիա: Ես շատ տպավորված էի Հայաստանի ժողովրդի՝ Եթովպիայի մասին արձագանքներից:
Այն անմիջապես արտացոլում է երկու ժողովուրդների միջև առկա հարգանքը, հիշողությունը, ինչպես նաև խորը հարաբերությունների մասին գիտելիքները: Եթովպիան շատ հայտնի է Հայաստանում: Եթովպացիները շատ ճանաչված են և հարգված Հայաստանում։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ երկու ժողովուրդները դարեր շարունակ հարաբերություններ են կառուցել։ Մենք կապված ենք այդ ժառանգությամբ: Մենք՝ որպես կառավարություն, պետք է նոր ամուր լիցք հաղորդենք այս ամենին, ինչի համար Հայաստանում առկա է փոխադարձ հարգանքի վրա հիմնված պարարտ հող:
Հայաստան այցելելիս եթովպացիները կգտնեն բազմաթիվ ոլորտներում մեր ընդհանրությունների մասին խորն ընկալումը, խորը գիտելիքը ու իրազեկվածությունը: Պատմությունը և մեր հիշողությունը շատ հզոր ուժ է: Քաղաքակրթականապես մենք փոխկապված ենք, ինչը հիմք է ծառայում հարգանքի, բարեկամության համար: Եվ հենց այս ոգով է, որ մենք այսօր եկել ենք այստեղ՝ Ադիս Աբեբա:
Հարց․ Ի՞նչ գիտեն Հայաստանի կառավարությունը և հայ ժողովուրդը Եթովպիայի մասին։
Զոհրաբ Մնացականյան․Երբ հետադարձ հայացք ենք նետում պատմությանը, տեսնում ենք, որ երկար ճանապարհ ենք անցել։ Հայ Առաքելական եկեղեցին և Եթովպիայի եկեղեցին ասորական և ղպտիական եկեղեցիների հետ միասին երկար ժամանակ է՝ միասնական են։ Պատմության ընթացքում մենք հարաբերությունները կառուցեցինք այդ հոգևոր հիմքի վրա։ Հայերի ներկայությունը Եթովպիայում դարերի պատմություն ունի։ Նրանք նպաստել են եթովպական ժողովրդի զարգացմանն ու բարեկեցությանը։ Եթովպիայի պատմության մեջ շատ հայկական անուններ կարելի է գտնել, ովքեր ձեր հասարակության մաս են կազմել, եղել են ձեր կառավարության անդամներ, ովքեր աշխատել են Եթովպիայի պետականության հիմքերի ստեղծման և ամրապնդման ուղղությամբ։
Հարց. Կարող ե՞ք նշել այդ անուններից մի քանիսը։
Զոհրաբ Մնացականյան․ Ես գիտեմ այնպիսի անուններ, ինչպիսիք են Հովհաննես Տոհմաջյան, գլխավոր ճարտարապետ Գրիգոր Հովյան, մեկ այլ գլխավոր ճարտարապետ Մինաս Կերպիկյան։ 19-րդ դարում կար գլխավոր վիրաբույժ՝ Պողոս Մարգարյան անունով։ Տիգրան Հեպեյանը, ով եղել է Եթովպիա պետության գլխավոր ոսկերիչը։ Պարոն Նալբանդյանն Եթովպիայի ազգային օրհներգի հեղինակն է։ Պարոն Սարգիս Թերզյանը մեծ ավանդ է ունեցել Եթովպիայի արդյունաբերության ձևավորման և Ադիս-Աբեբա-Ջիբութի երկաթգծի կառուցման գործում։
Հարց. Հայերը Եթովպիայում եղել են փախստականներ։ Նրանք շատ ակտիվ են եղել նաև այս երկրի ձեռներեցության ոլորտում, էլ չեմ խոսում երգչախմբային երաժշտության ոլորտը։
Զոհրաբ Մնացականյան․ Այո՛, դա իսկապես շատ կարևոր է: Եթովպացիները շատ ջերմորեն են ընդունել հայերին, ովքեր իրենց հերթին մեծ նվիրում են ցուցաբերել նոր հայրենիքի նկատմամբ: Նրանք եթովպական հասարակության անդամներ են, Եթովպիայի քաղաքացիներ: Նրանք իրենց նպաստն են բերում ու ակտիվ մասնակցությունն ունեն Եթովպիայի կյանքում: Բայց միևնույն ժամանակ, նրանք մեծ ձգտում են ունեցել պահպանելու իրենց ազգային ինքնությունը՝ որպես հայեր: Դա նաև վկայում է եթովպական հասարակության մեջ հանդուրժողականության և ներգրավվածության որոշակի աստիճանի առկայության մասին, և հայերը շարունակում են մնալ դրա շահառուները: Ներդրողներն ու շահառուները:
Այսօր Եթովպիայում մենք ունենք թեև ոչ այնքան մեծ, սակայն կենսունակ և ուժեղ մի համայնք՝ բաղկացած մոտավորապես 100 հոգուց: Հայերն այստեղ կրոնական ազատություն են վայելում: Ադիս-Աբեբայում է գտնվում Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին: Ադիս-Աբեբայում մենք ունենք նաև հայկական դպրոց: Այս այցի կազմակերպման գործում մեզ մեծապես աջակցել են նաև Եթովպիայի հայ համայնքի ներկայացուցիչները, ովքեր կապող օղակ են հանդիսանում Հայաստանի և Եթովպիայի միջև:
Ես այստեղ եմ եկել պատվիրակությամբ, որի կազմում են ընդգրկված նաև ստեղծագործ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և բիզնես ոլորտների ներկայացուցիչներ: Մենք միասին փորձում ենք համագործակցություն և հարաբերություններ հաստատել Եթովպիայի հետ «սմարթ» զարգացման ոլորտում: Եթովպահայ համայնքի ներկայացուցիչները ևս ընդգրկված են այս բնագավառում: Արդեն իսկ ունենք Հայաստանի և Եթովպիայի միջև համագործակցության հետաքրքիր օրինակներ: Եթովպահայ համայնքի ներկայացուցիչները նույնպես մասնակցում են այդ գործընթացին, և դա վկայում է այն մասին, որ Հայաստանի և Եթովպիայի միջև առկա են համագործակցության լայն հնարավորություններ:
Հարց․ Ո՞ր ուղղությունն է այժմ ակտիվ Եթովպիայի և Հայաստանի միջև։
Զոհրաբ Մնացականյան. Կարծում եմ, մենք հսկայական ներուժ ունենք, որը պետք է յուրացվի։ Այսօր մենք ունենք որոշ կարևոր տարրեր, օրինակ, ստեղծարար կրթության ոլորտում մեր փորձը Արմաթ կրթական ծրագրի միջոցով. ստեղծարարությունը և տաղանդը խթանող կրթական այս մեթոդն ընդունվել է նաև Եթովպիայի կողմից։ Կարելի է շատ բաների մասին խոսել։ Հայաստանի և Եթովպիայի հաստատությունների միջև ստորագրվել է նորարարության և ստեղծարար կրթության ոլորտում համագործակցության համաձայնագիր։ Երեկ մենք կարևոր հուշագիր ստորագրեցինք Եթովպիայի և Հայաստանի նման հաստատությունների միջև: Այս ոլորտում զարգացման մեծ ներուժ եմ տեսնում. մենք ունենք շատ հետաքրքիր առաջարկներ ՏՏ ոլորտում, էլեկտրոնային կառավարության, էլեկտրոնային առևտրի և այլ ոլորտներում, ստեղծագործ կրթության և նորարարության ոլորտներում, ՏՏ լուծումների ոլորտում: Եթովպացի մեր գործընկերները մեծ հետաքրքրություն են դրսևորել: Եվ դա միայն ոլորտներից մեկն է, որում մենք տեսնում ենք զարգացման մեծ ներուժ: Մենք մտադիր ենք նաև ամրապնդել մեր ներկայությունը Եթովպիայում, ինչը կարևոր հարթակ կդառնա հարաբերությունների խորացման գործում: Մեր հարաբերություններում առկա ներուժը հարկավոր է օգտագործել:
Հարց. Դա լավ է։ Եկեք անդրադարձ կատարենք պատմությանը։ Ի՞նչ կպատմեք մեզ Ներսես Նալբանդյանի մասին։
Զոհրաբ Մնացականյան. Կարծում եմ դա միայն մեկ օրինակ է։ Ծագումով հայ եթովպացիներից մեկը, ով այնպիսի ներդրում է արել, որ դարձել է մեր զրույցի, մեր հարաբերությունների մասնիկը։ Դա է ներդրումը։
Հարց. Այո։ Այժմ Ձեր երկիրը՝ Հայաստանը, մտադիր է ամրապնդելու իր երկկողմ դիվանագիտական հարաբերությունները Եթովպիայի հետ և մտադրություն ունի Ադիս-Աբեբայում դեսպանություն բացելու։ Ո՞ր փուլում է այդ ամենը։ Ո՞րն է ծրագիրը։
Զոհրաբ Մնացականյան. Մենք արտահայտել ենք մեր մտադրությունը և դրանով կիսվել ենք Եթովպիայի ԱԳՆ-ի մեր գործընկերների հետ։ Մենք աշխատելու ենք այս ուղղությամբ և մոտ ապագայում նպատակ ունենք իրականություն դարձնելու այն։ Մենք Եթովպիայի ԱԳՆ-ի մեր գործընկերների հետ արդեն քննարկել ենք տարբեր մանրամասներ և շարունակելու ենք հիմնվել դրա վրա։
Հարց․ Գիտե՞ք դրա բացման հստակ ժամկետը։
Զոհրաբ Մնացականյան․ Ես կասեի, որ այսպիսի հարցերը հստակ կազմակերպչական և բյուջետային պայմանավորվածություններ են պահանջում, որոնք մենք արդեն անում ենք։ Այսպիսով, թիրախում ամենամոտ և հնարավոր ժամկետներն են։
Հարց․ Ի՞նչ եք Դուք պատրաստվում վերցնել Եթովպիայից, և ինչ եք կարծում՝ ի՞նչ կարող են եթովպացիները վերցնել Հայաստանից։
Զոհրաբ Մնացականյան. Տեսեք, ինչպես ասացի, մենք մեծ ներուժ ունենք։ Եթովպիայում զարգացման որակը շատ խոստումնալից է։ Զարգացման բովանդակությունը շատ խոստումնալից է և շատ զուգահեռներ կան, որոնց միջոցով կարելի է տեսնել զարգացման էությունը։ Ի՞նչի վրա Եթովպիայի կառավարությունը կցանկանար շեշտադրում անել: Մենք մեծ հետաքրքրությամբ հետևում էինք անցյալ տարի Եթովպիայում տեղի ունեցող զարգացումներին: Ձեր վարչապետը հիմնարար բարեփոխումները ժողովրդին հասանելի դարձնելու այնպիսի ուժեղ ջատագով է: Մենք նույն գործընթացի միջով ենք անցել: Հայաստանը անցավ 2018 թ. մայիսին «Թավշյա հեղափոխության» միջով, սիրո և համերաշխության հեղափոխություն, որի սրտում ժողովրդի ներուժի արտահայտման ազատությունը և ժողովրդավարական իշխանության ամրապնդումն է, օրենքի գերակայությունը, սոցիալական և տնտեսական կյանքում հավասար հնարավորությունների ստեղծումը, որպեսզի մարդիկ, զարգացման այդ կրողները, ազատ լինեն հարստություն կերտելու, իրենց տաղանդը ներդնելու, իրենց սեփական, ժողովրդի և ազգի հարստությունը ստեղծելու համար: Սա է հայեցակարգը և այն կարողությունը, որ կարծում եմ՝ շատ հզոր հիմք է երկու ժողովուրդների միջև հարաբերությունները զարգացնելու համար:
Ավելին, Եթովպիան աֆրիկյան մայրցամաքում ինտեգրացիոն գործընթացի և համագործակցության հզոր մասիկ է: Մենք ներգրավված ենք մեր տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացներում: Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք՝ 200 միլիոնանոց ժողովուրդների միության, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի մաքսային միության: Մենք սերտորեն համագործակցում ենք Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով: Դրանք այն հնարավորություններն են, որոնք մեր ժողովուրդները, միասին աշխատելով, կարող են նաև այդ ներուժը կիրառել ավելի լայն ինտեգրման շրջանակներում և շուկաներում:
Հարց. Դա լավ է: Եկեք անդրադառնանք հիմնականներին: Որո՞նք են Հայաստանի և Եթովպիայի միջև առաջնահերթությունները:
Զոհրաբ Մնացականյան. Մենք հակված ենք ամրապնդելու և զարգացնելու մեր քաղաքական երկխոսությունը: Դա ենթադրում է առավել ինտենսիվ երկխոսություն կառավարությունների և խորհրդարանների միջև: Մենք նպատակ ունենք ընդլայնելու նաև մեր խորհրդարանական համագործակցությունը: Մեր համոզմամբ կարող ենք համագործակցել տնտեսության տարբեր ոլորտներում: Բայց այս պահին մեր ուշադրության կենտրոնում են նորարարության, ստեղծագործ կրթության և ՏՏ ոլորտները: Եվ վստահ եմ, որ դա մեզ համար համագործակցության լայն հեռանկարներ կբացի: Հաշվի առնելով մեր պատմական անցյալը և ընդհանրությունները, ինչպես նաև փոխադարձ հարգանքը՝ վստահ ենք, որ առկա է վիթխարի ներուժ մշակույթի և կրթության ոլորտներում հարաբերությունների և բարեկամության զարգացման համար։
Վերջերս եմ պարզել, որ կան կրթական ոլորտում համագործակցության հետաքրքիր ուղիներ: Մենք ունենք միջազգային դպրոց Հայաստանում, որը նաև հյուրընկալում և աջակցում է Եթովպիայի ուսանողներին: Կրթության ոլորտում մենք լավ ներուժ ունենք Հայաստանում և մենք ուրախ կլինենք ընդլայնել այս հնարավորությունները եթովպացի ուսանողների համար: Համոզված եմ, որ հայ ուսանողները նույնպես հետաքրքված կլինեն, քանի որ ձեր կրթական կարողությունները հետաքրքիր և շատ կարևոր են: Այսպիսով, դրանք այն ոլորտներն են, որոնցում ես կարծում եմ մեծ ներուժ ունենք:
Հարց. Ի՞նչ հարցերի շուրջ եք զրուցել եթովպական կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Զոհրաբ Մնացականյան. Դրանք հենց այն հարցերն էին, որոնց անդրադարձել ենք։ Շատ ջերմ ընդունելության արժանացա Եթովպիայի նախագահի, խորհրդարանի նախագահի, արտաքին գործերի, նորարության և տեխնոլոգիայի նախարարության իմ լավ ընկերների կողմից։ Մենք քննարկում ենք ունեցել նույն այն կետերի շուրջ, որոնք ներկայացրեցինք։ Հարաբերությունները նոր մակարդակ բարձրացնելուն ուղղված ամուր քաղաքական կամքը միասին ավելի լայն ուղիով ընթանալու փոխադարձ ճանաչումն է։
Հարց․ Ի՞նչ կասեք Եթովպիայում և Աֆրիկյան այս թերակզում հույսի նշմարման մասին։ Եթովպիան այժմ բարեփոխումների գործընթաց է անցնում, ինչ կարող եք ասել սրա մասին։
Զոհրաբ Մնացականյան․ Ինչպես նշեցի, Եթովպիայում ներքին բարեփոխումներն ու զարգացումները տպավորիչ են և դա շարունակական գործընթաց է։ Այն խանդավառությունը, որով բարեփոխումներն իրականացվում են և այդ գործընթացի նկատմամբ ձեր կառավարության քաղաքական կամքն ու ուժն օրինակելի են, մասնավորապես տարածաշրջանում խաղության և անվտանգության հաստատման տեսանկյունից։ Ոգեշնչող է ձեր կառավարության և հարևան Էրիթրեայի կառավարության կողմից ձեռնարկված կարևոր քայլը՝ հաստատելու խաղաղություն. դա շատ ոգևորիչ է: Մենք ապրում ենք չլուծված հակամարտություն ունեցող մի տարածաշրջանում, և մենք՝ Հայաստանն ու Արցախը, լիովին հակված ենք հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծմանը, և քաղաքական կամքն ամենակարևոր շարժիչ ուժն է հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը հասնելու գործում։ Ձեր օրինակն իրապես ոգեշնչում է, որ քաջությունը, կամքը և վճռականությունը կարող են դա հնարավոր դարձնել։ Մենք բարձր ենք գնահատում և շնորհավորում ենք Եթովպիայի ժողովրդին և կառավարությանն այս կարևոր քայլի կապակցությամբ։
Հարց. Ինչպե՞ս եք տեսնում տնտեսական կողմը: Եթովպիայի կառավարությունը պատրաստ է բացել համագործակցության իր ոլորտներում, Օրինակ, ֆինանսական ոլորտը, հեռահաղորդակցությունը, ինչպես նաև եթովպիական ավիաուղիների մասնակի սեփականաշնորհումը: Ի՞նչ կարող եք ասել մեզ այս իշխանությունների պատրաստակամության կամ հավակնությունների մասին:
Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, կարծում եմ այն հսկայական է: Դա հնարավորություն կտա տնտեսական աճի համար, մենք դատում ենք մեր սեփական փորձից: Հայաստանի տնտեսության սեփականաշնորհումը տեղի է ունենում մեր անկախության վերականգնման հենց սկզբից: Խելամիտ և պատասխանատու սեփականաշնորհման կարևորությունը և օրենքի գերակայության ամրապնդումը այս գործընթացում հետևողական մարտահրավեր է: Ես խոսում եմ մեր անձնական փորձից: Բայց մենք նաև գիտենք, որ մասնավոր նախաձեռնությունը և ժողովրդի նախաձեռնությունն աճի շատ կարևորագույն ուղիներից է: Այսպիսով, այս ամենը պետք է համադրված լինի:
Մենք լիովին համոզված ենք, որ գոյություն ունի լավ ներուժ: Եթովպիան վիթխարի ներուժ ունի: Մենք ևս հետաքրքրված ենք աշխատելու այդ ոլորտներում: Մեր բանկային և ֆինանսական հատվածն ենթարկվել են հսկայական վերափոխումների և երկար տարիներ որպես ամուր հիմք են հանդիսացել երկրի տնտեսական կայունության համար, երկրի կայուն աճի համար: Այսպիսով, ֆինանսական հատվածն ու բանկային հատվածը շատ կարևոր են: Մենք շատ ուրախ կլինենք շարունակել մեր փորձի շուրջ քննարկումները մեր եթովպացի գործընկերների հետ, ինչպես նաև սովորել, թե ինչպես է դա արվում Աֆրիկայում: Նույնը վերաբերում է նաև այլ ոլորտների սեփականաշնորհմանը: Դուք նշեցիք ավիաընկերությունները: Մենք կարող ենք տեսնել, որ Եթովպիան ավիաուղիների մեծությունը: Եվ դա, իհարկե, լուրջ կարողություն է պարունակում տնտեսության ու դրա աճի համար:
Հարց․ Ձեր եզրափակիչ խոսքերը հայ-եթովպական հարաբերությունների մասին։
Զոհրաբ Մնացականյան. Իմ եզրափակիչ խոսքը հետևյալն է՝ ես կցանկանայի հյուրընկալել եթովպական պատվիրակությանը Հայաստանում։ Որքան մեծ, այնքան՝ լավ՝ ընդգրկելով տարբեր ոլորտներ՝ պաշտոնական հատված, երիտասարդություն, կրթական, մշակութային, բիզնես ոլորտներ։ Ես ցանկանում եմ, որպեսզի իմ ժողովուրդն ավելի շատ այցելի Եթովպիա։ Ես ուզում եմ բարեկամության ոգին առարկայացնել շոշափելի ծրագրերով։ Եվ ես կարծում եմ՝ երկու ազգերն էլ, երկու ժողովուրդներն էլ, երկու կառավարություններն էլ պատրաստ են դրան։ Ես կցանկանամ այս զրույցը նորից կրկնել մյուս տարի, երբ մենք կարող ենք ամփոփել արդյունքները։ Եվ կտեսնենք, որ լավ ընթացք ենք ապահովել։ Ահա այն ամենն, ինչ ցանկանում էի ասել։
Հարց․ Շնորհակալություն և շատ շնորհակալ եմ Ձեր հատկացրած ժամանակի համար։
Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1477 դիտում
17:58 25-10-2019
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC լրատվական ծառայության Hard Talk հաղորդմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
802 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1153 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
826 դիտում
18:29 26-12-2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը