211652_close_icon
views-count149687 դիտում article-date 09:55 05-04-2019

Կրակոցներ Երևանում. ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. նա վնասազերծել է իր վրա կրակողին. ժամանել են Երևանի ոստիկանապետը, տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խոմբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արա Պողոսյանի և բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արսեն Վարդանյանի գլխավորությամբ։ Այս պահին քննիչները բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահագն Սիմոնյանի գլխավորությամբ դեպքի վայրի զննություն են կատարում։ Ժամանել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ օպերատիվորեն ժամանել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազներ Սմբատ Մովսիսյանն ու Արթուր Մելիքյանը։ Իրավապահները նշված շենքի առաջին հարկում հայտնաբերել են հրազենից արձակված 2 գնդակ։ Պարզվել է նաև, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նշված շենքի բնակիչ Ջոնի Սամսոնյանը։ Ժամանել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր այս պահին քննիչի գլխավորությամբ շարունակում են դեպքի վայրի զննությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հրազենային վնասվածք ստացած հրամանատարն ինքն է հենց վնասազերծել իր վրա կրակողին, ով տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ա. Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբը, և խմբի ղեկավար է նշանակվել նույն բաժնի ավագ քննիչ Ռազմիկ Արսենյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին կրակողի ինքնությունը չենք հրապարակում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են թմբուկավոր ատրճանակ և կան կասլածներ, որ նշված ատրճանակով է կրակոցներն արձակվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր