7860 դիտում
12:18 03-04-2019
«IBM» ընկերությունը Հայաստանում գործունեություն ծավալելու լուրջ հեռանկարներ է տեսնում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում «IBM» ընկերության տնօրեն Իրիս Ջեբայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարարն անդրադարձել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերին, հայաստանյան տեխնոլոգիական բիզնես միջավայրին ու ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության տեսլականին։
Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նշել հայ մասնագետների յուրահատուկ ընդունակություններն ու կարողությունները, դրանք առավել կիրառելի դարձնելու անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նախարարն ընդգծել է ստարտափների կարևորությունը, միջազգային շուկաներում դրանց գործունեության հեռանկարները: Նա հյուրերին ծանոթացրել է «Ինժեներական քաղաք», տարածաշրջանային «Տվյալների կենտրոն» կառուցելու ծրագրերին, «Ազգային վենչուրային հիմնադրամ» ստեղծելու նախագծի մանրամասներին, ինչպես նաև ներկայացրել է հայ ինժեներների ներուժը արհեստական բանականության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, միկրոէլեկտրոնիկայի և այլ ոլորտներում:
Իրիս Ջեբան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանում աշխատանքային լայն գործունեություն սկսելու հեռանկարներ են տեսնում և պատրաստ են քննարկելու համագործակցության հնարավոր բոլոր տարբերակները։ Նա ընդգծել է, որ հատկապես հետաքրքրված են յուրօրինակ գաղափարներ ունեցող երիտասարդ ստարտափների գործունեությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգի, ինովացիոն մի շարք ծրագրերում ներգրավվելու, Պոլիտեխնիկում «IBM»-ի կենտրոն հիմնելու, համագործակցության այլ շրջանակներ ու ծրագրեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացված բոլոր ուղղություններով առաջիկայում ոլորտի մասնագետների մասնակցությամբ կազմակերպել առավել ընդգրկուն ու մանրակրկիտ քննարկումներ։
Նմանատիպ նյութեր
4727 դիտում
22:18 26-09-2017
Աշխարհում առաջատար CLAAS ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու
2367 դիտում
14:25 08-02-2019
Ֆրանսիական «Սոդիալ» ընկերությունն ուսումնասիրում է Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարները
2581 դիտում
17:40 05-09-2019
Ֆրանսիական THALES Group-ի հետ քննարկվել են Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարները