211652_close_icon
views-count1267 դիտում article-date 22:00 29-03-2019

Առնվազն 2 դեկան չեն համապատասխանում ընդունելի համարված չափանիշներին ու ցուցիչներին. ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողովը գումարել է հերթական նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը՝ օրակարգային 3 հարցով: Օրակարգային հարցերի մեջ ընդգրկված էին փաստաթղթերի նախագծերի առաջարկություններ: Դրանք վերաբերում էին ֆակուլտետի (գիտակրթական այլ ստորաբաժանման՝ կենտրոն, ինստիտուտ) զարգացման ռազմավարական ծրագրի գործողությունների կատարողականի ցուցիչների, ֆակուլտետի դեկանի (գիտակրթական այլ ստորաբաժանման ղեկավարի) պաշտոնի լրացուցիչ չափանիշների սահմանմանը և ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի և խնդիրը կարգավորող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի միջև հակասություններին: Հանձնաժողովի նախագահ Վահե Հովհաննիսյանը փաստեց, որ ֆակուլտետներում և գիտակրթական այլ ստորաբաժանումներում ղեկավարների տարեկան հաշվետվությունները հաճախ կազմվում են կամայական սկզբունքներով, երբեմն ֆակուլտետների զարգացման ռազմավարական ծրագրի հիման վրա, բայց այդ դեպքում էլ առկա չեն հստակ ցուցիչներ, որոնցով հնարավոր կլինի գնահատել ռազմավարական ծրագրերի գործողությունների կատարողականը: Ուստի, նրա հավաստմամբ, առաջարկվող փաստաթղթերի մեջ ներկայացվել են գիտակրթական ստորաբաժանումների զարգացման ռազմավարական ծրագրերում ներառված գործողությունների կատարողականի քանակական և որակական ցուցիչները: «Ամենակարևորը խնդիրը, որ կլուծի այս փաստաթուղթը, այն է, որ ընտրված, ծրագիր ունեցող, սակայն այն չկատարող վարչական պաշտոն զբաղեցնողը այլևս հնարավորություն չի ունենա հավակնելու նույն պաշտոնին»,- փաստեց հանձնաժողովի նախագահը: Ֆակուլտետի դեկանի պաշտոնի լրացուցիչ չափանիշներ սահմանող փաստաթղթի նախագծում, օրինակ, առաջարկվում է, որ պաշտոնին հավակնողը պետք է վերջին 5 տարիներին անընդմեջ գիտամանկավարժական գործունեություն իրականացրած լինի և առնվազն 2 օտար լեզու իմանա (անգլերենի գնահատման առնվազն B1 մակարդակի համարժեքով): Բացի դրանից՝ պետք է «MS Word», «Excell», «Powerpoint» համակարգչային ծրագրերի կամ դրանց «Open Office» համարժեքների իմացություն, ինչպես նաև անհրաժեշտ է բարձրագույն կրթությանը վերաբերող օրենսդրաիրավական բազայի իմացություն: Քննարկման ընթացքում Օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ Նարինե Դուրգարյանն առարկություն հայտնեց ներկայացվող չափանիշների վերաբերյալ՝ նշելով, որ դեկանի գործունեության արդյունավետությունը չարժե կապել օտար լեզուների իմացության և բարձրագույն կրթությանը վերաբերող օրենսդրաիրավական բազայի իմացության հետ, ինչին հանձնաժողովի անդամները պատասխանեցին, որ մինիմալ մակարդակի իմացությունն անհրաժեշտ է: Բացի դրանից՝ շեշտվեց, որ միջազգայնացումը ֆակուլտետային առաջնահերթություններից մեկն է, ուստի այդ համատեքստում օտար լեզվով չհաղորդակցվող ղեկավարը հազիվ թե կարողանա իրականացնել այդ գործընթացի հետ կապված իր գործառույթները: Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն առաջարկեց կանոնակարգել դեկանի պաշտոնի թեկնածուի ծրագրին ներկայացվող պահանջները: Սերվիսի ամբիոնի պաշտոնակատար Գոռ Ալեքսանյանը նիստի ընթացքում հարց բարձրացրեց առ այն, որ ներկայումս հաշվետվություններ գնահատելիս ավելի շատ առաջնորդվում են քանակական բնույթի ցուցանիշներով, մինչդեռ լավ կլինի ունենալ մեխանիզմներ, որոնք կգնահատեն գործառույթների բովանդակային կողմերը: Կրոնի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Պարգև Բարսեղյանը մտահոգություն հայտնեց, որ ֆակուլտետի զարգացման ռազմավարական ծրագրով սահմանված գործողությունները կարող են չկատարվել՝ օբյեկտիվ պայմաններից ելնելով, և առաջարկեց ինչ-որ կերպ այդ կարգավորումը նախատեսել: Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի վարիչ Անահիտ Հովհաննիսյանը նշեց, որ անհրաժեշտ է ռազմավարական ծրագրի մեջ միջազգայնացման գործողություններից զատ ներառել նաև տեղական կազմակերպությունների հետ սերտ համագործակցմանը վերաբերող դրույթներ: Սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ Արման Ղարագուլյանն առաջարկեց, որ հանձնաժողովի անդամներին փաստաթղթերն առնվազն 3 օր առաջ ուղարկվեն: Առաջարկն ընդունվեց: Քննարկման ավարտին Վահե Հովհաննիսյանը փաստեց, որ անգամ մակերեսորեն քննելու արդյունքում պարզ է դառնում, որ առնվազն երկու դեկան չեն համապատասխանում նիստի ընթացքում քննարկված և ընդունելի համարված չափանիշներին ու ցուցիչներին, ինչի համար հորդորեց առավել լուրջ մոտենալ հարցին, որ որոշումները լինեն փաստարկված և հիմնավորված:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր