Կայացավ ԱԻՆ վետերանների ժողովը
Մարտի 29-ին ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության հերթական ժողովը, որին մասնակցում էին ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանը, նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը:
Արա Նազարյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի անունից ողջունեց վետերաններին, ժողովականներին մաղթեց բեղմնավոր աշխատանք:
Իր խոսքում փոխնախարար Նազարյանը բարձր գնահատեց ԱԻՆ վետերանների խորհրդի գործունեությունը, շեշտեց նրանց փորձն ու գիտելիքներն օգտագործելու կարևորությունը:
Վետերանները խնդրեցին շնորհակալական խոսքեր փոխանցել նախարար Ֆ. Ցոլակյանին՝ վետերանների խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար:
Վետերանները փաստեցին, որ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն»-ի դռները իրենց համար միշտ բաց են, և այնտեղ կարողանում են ստանալ համապատասխան բժշկական օգնություն:
«ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունն իր շարքերում ունի 1127 անդամ, այդ թվում՝ երկրորդ համաշխարհային պատերազմի երկու և Արցախյան պատերազմի 26 մասնակից, հաշմանդամություն ունեցող 32 վետերաններ:
Ժողովի աշխատանքների նախապատրաստմամբ զբաղվող աշխատանքային խմբի առաջարկով ժողովին մասնակցում էր 50 պատվիրակ:
Վետերանների անցած դժվար ճանապարհի մասին խոսեց խորհրդի անդամ Վաչագան Սրապյանը:
Հիշարժան դեպքերի շարքում Վաչագան Սրապյանը ընդգծեց հատկապես 1982 թվականի հոկտեմբերի 15-ին ատոմակայանում առաջացած բարդ և վտանգավոր հրդեհը, երբ կրակի դեմ 7 ու կես ժամ տևած պայքարի արդյունքում՝ 125 հրշեջների սխրանքի շնորհիվ այն հաջողվեց մարել: Մի քանի տարի անց՝ 1986 թվականի ապրիլի 26-ին, Չերնոբիլում տեղի ունեցած աղետը ավելի ցայտուն ցույց տվեց հայ հրշեջների սխրանքը, և այն հնարավոր ողբերգական հետևանքները, որոնք կանխվեցին նրանց հերոսական ջանքերի շնորհիվ:
1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ, չունենալով համապատասխան թվով անձնակազմ և տեխնիկական միջոցներ, աշխատելով ծանր պայմաններում, ըստ պաշտոնական տվյալների, հրշեջ-ծառայողները փրկել են 275 մարդու:
Ժողովի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու, 2019-21 թվականների միջոցառումների պլանը հաստատելու, կազմակերպության նախագահի, տեղակալի և վարչության անդամների ընտրությունների մասին հարցերը:
Վետերանների ժողովի ժամանակ բարձրացվեցին վետերանների բուժման, հանգստի, ժամանցի կազմակերպման, վետերանների փորձն ու գիտելիքները ԱԻՆ փրկարար ծառայողներին փոխանցելու հետ կապված հարցեր:
Վետերանների խորհրդի անդամների կողմից հնչեցին գործունեության արդյունավետությանն ուղղված ծրագրային առաջարկներ, մասնավորապես՝ մարզային մասնաճյուղերի հաշվետու ընտրական ժողովների ձևավորում, քարտադարանների ստեղծում, վետերանների էլեկտրոնային արխիվ և հուշամատյաններ, հիմնական փաստաթղթերի մշակման աշխատանքներին բանիմաց և փորձառու վետերանների ներգրավում, վետերանների ուժերով տեղերում վարպետության դասընթացների կազմակերպում և մի շարք այլ հարցեր:
Նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը, ով համակարգում է վետերանների աշխատանքը ԱԻՆ-ի հետ, որոշ դիտարկումներից և առաջարկներից զատ, վետերաններին խնդրեց նաև գրի առնել իրենց գործունեության ընթացքում պատահած հիշարժան դեպքերը և փոխանցել ԱԻՆ թանգարան, որը ԱԻՆ պատմության մի մասն է և գալիք սերնդի համար ուսանելի կարող է լինել:
Նա վետերաններին հորդորեց զենքերը վայր չդնել և մերօրյա խնդիրներին ընդառաջ ակտիվ գործունեություն ծավալել ուս-ուսի՝ երիտասարդական ավյունով:
ԱԻՆ վետերանները շնորհակալություն հայտնեցին կազմակերպություն նախկին ղեկավար Արամայիս Քոսակյանին կատարած բեղուն աշխատանքի համար և ընտրությամբ միաձայն որոշեց «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ ընտրել Ներսիկ Հեպոյանին՝ հաշվի առնելով նրա ունեցած մեծ փորձն ու բարձր հեղինակությունը:
Կազմակերպության նախագահի տեղակալ ընտրվեց Վաչագան Սրապյանը, ընտրվեցին նաև նոր վարչության անդամները:
Ժողովի ավարտին, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ աղետի գոտում վթարավերականգնողական աշխատանքներին ակտիվ մասնակցության և մարդասիրական օգնության համար կազմակերպության անդամ Ռոբերտ Ամիրխանյանը պարգևատրվեց «ԱԻՆ վետերան» մեդալով, իսկ 30 վետերաններ պարգևատրվեցին պատվոգրերով, որոնք հանձնեց փոխնախարար Արա Նազարյանը: