211652_close_icon
views-count2291 դիտում article-date 16:36 29-03-2019

Պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով, սրտով և մտքով. Նախագահը հյուրընկալել է ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից մի խումբ նախկին ժամկետային զինծառայողների, ովքեր ստեղծել են «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպությունը: Շնորհակալություն հայտնելով նրանց՝ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը նվիրվածությամբ և բարեխղճորեն կատարելու համար՝ Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է. «Կա մի բացարձակ պարզ ճշմարտություն. այն, ինչ տեղի ունեցավ այդ օրերին, մեր ողջ ժողովրդի և՛ գիտակցության, և՛ սրտի մեջ է: Ոչ ոք ոչինչ չի մոռացել և չի մոռանա: Ձեր միությունը շատ արժեքավոր է, քանի որ իրականում հաղթում են մարդիկ, ովքեր պատրաստ են»: Հանրապետության նախագահը տղաների քաջության հետ մեկտեղ կարևորել է նրանց փորձառությունը, որը մեծ արժեք ունի: «Պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով, սրտով և մտքով,-ասել է նախագահ Սարգսյանը:- Եթե չկա դրանցից որևէ մեկը, թերի ես: Եթե միայն սիրտն է, լինում ես հայրենասեր տղա, որը կարող է դուրս թռչել և զոհվել: Եթե միայն ուղեղ ունես, հնարավոր է՝ ինչ-որ տեղ չկարողանաս ինչ-որ սահման անցնել, քանի որ տրամաբանությունը կասի՝ մի արա այս բանը: Բայց երբ երկուսը միասին են աշխատում, դա հաղթանակի բանալի է: Վստահ պետք է լինեք, որ այն, ինչ արել եք, արել եք հայրենիքի համար, արել եք նաև ձեզ համար: Երբ ես երիտասարդ էի, ինձ ամենատպավորած մտքերից մեկը Նապոլեոն Բոնապարտինն էր, որը ճակատամարտի մասին խոսելիս ասել էր՝ ես հաշվում եմ, ծրագրում եմ ճակատամարտը, բայց ծրագրում եմ բոլոր հնարավոր սցենարները, որով ես կարող եմ պարտվել, այսինքն, ես չեմ ծրագրում հաղթել, բայց բացառում եմ անհաջողությունը»: Ապրիլյան գործողությունների ժամանակ հայրենիքն իրենց կյանքով, առողջությամբ ու խիզախությամբ պաշտպանած տղաների սխրանքը նախագահը հայրենասիրության օրինակ է համարել նոր սերնդի համար: «Դուք անսպասելի, ձեր կամքից անկախ դժվար ճանապարհ եք անցել, ընկերներ եք կորցրել, և այսօր ձեզնից յուրաքանչյուրը բոլորովին այլ մարդ է, քան պատերազմից առաջ էր»,- ասել է նախագահը: Նա միաժամանակ նշել է, որ յուրաքանչյուր զինվորի կյանք մեծ արժեք ունի, և ամեն ինչ պետք է անել՝ դժբախտ դեպքերը բացառելու համար: Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության անդամները նշել են, որ իրենց նպատակն է համախմբել ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից բոլոր ժամկետային զինծառայողներին, իրենց առաջնահերթ խնդիրն են համարում զոհված ընկերների ընտանիքներին կողքին լինելն ու նրանց սատարելը: Արձագանքելով նախագահ Սարգսյանն ասել է. «Նրանցից շատերի համար դուք իրենց տղաներն եք»: Երիտասարդ հերոսները նաև նշել են,որ առաջիկա կարևոր խնդիրներից մեկը վիրավորներին օգնելն է: Նախագահ Սարգսյանը պատմել է զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռքբերած զինվորների աջակցության ծրագրի մասին՝ նշելով, որ նրանք վիրավորվել են հանուն հայրենիքի, և պետությունը պետք է գործով ցույց տա, որ գնահատում է այդ զոհողությունը և իր հորդորն է՝ պետական ու մասնավոր համակարգում ներգրավել ծառայության ընթացքում կամ դրա պատճառով հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողներին, նրանց ինտեգրել լիարժեք կյանք: Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության անդամները անդրադարձել են նաև միության համար տարածք ունենալու հարցին, ինչը կնպաստի իրենց կառույցի լիարժեք գործունեությանը: Հանրապետության նախագահը խոստացել է աջակցել համապատասխան լուծում գտնելուն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր