211652_close_icon
views-count3397 դիտում article-date 15:17 27-03-2019

Չենք ուզում պայքարել նրա համար, որ մարդը շարունակի 80 հազար դրամ աշխատավարձ ստանալ. վարչապետ

Հարկային օրենսգրքով նախատեսվող եկամտային հարկի համահարթեցումը հետևյալ նպատակն ունի` բարձր որակավորում ունեցող մարդիկ պետք է բարձր աշխատավարձ ստանան: Իսկ համահարթեցման արդյունքում սոցիալական անհավասարության որոշակի խնդիրը կլուծվի հետագայում գույքահարկի ոլորտի բարեփոխումների արդյունքում: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրերի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ պատգամավորի հարցին պատասխանելով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը մատնանշեց, որ որոշ տնտեսավարողների համար հարկային բարեփոխումներով նախատեսվող ակցիզային հարկի բարձրացումը խնդիր է առաջացրել: «Մեր կառավարության ծրագրում դրված է, որ մենք խրախուսելու ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը: Մենք չենք ուզում պայքարել նրա համար, որ մարդը շարունակի 80 հազար դրամ աշխատավարձ ստանալ, և մենք այնպես անենք, որ նա լավ ապրի: ՀՀ-ում էժան աշխատուժ չպետք է լինի: Հայաստանում պետք է լինի բարձր որակավորում ունեցող աշխատուժ, որը ստանում է բարձր աշխատավարձ: Եվ մենք բարձր աշխատավարձերի համար եկամտահարկը իջեցնում ենք այս ուղերձը հղելու համար: Մենք ուզում ենք տեխնոլոգիական երկիր դառնալ, սակայն մյուս կողմից տեխնոլոգիական ոլորտի բարձր աշխատավարձերի վրա այնքան հարկ ենք դնում, որ ոչ ոք չցանկանա ներդրում անել: Մենք մարդկանց պետք է մղենք պրոֆեսիոնալ հմտությունների աճեցման»,- ասաց Փաշինյանը: Նա շեշտեց` Հայաստանում չպետք է մարդ լինի, ում մտքով անցնի, որ 80 հազար դրամով կարող է աշխատել, Հայաստանում չպետք է լինի գործատու, որ մտածի` կարող է ՀՀ-ում 80 հազար դրամով մարդ աշխատանքի ընդունել ու մտածել, թե ինքը աշխատավարձ է տվել:

Նմանատիպ նյութեր