Արթուր Հովհաննիսյանին և Սուրեն Քրմոյանին պաշտոններից ազատելը քաղաքական որոշման արդյունք է. Զեյնալյան
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալներ Արթուր Հովհաննիսյանին և Սուրեն Քրմոյանին նախարարի տեղակալների պաշտոններից ազատելը քաղաքական որոշման արդյունք էր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Դա ընդհանուր որոշման արդյունք է, ձևական առումով նախարարն է ներկայացնում առաջարկությունը, վարչապետն այն ընդունում է կամ չի ընդունում»,- ասաց Զեյնալյանը:
Լրագրողի հարցին, թե ի՞նչը չէր գոհացնում փոխնախարարների աշխատանքում, նախարարը պատասխանեց.
«Մենք բավարարված ենք, շատ գոհ ենք, բարձր ենք գնահատում նրանց կատարած աշխատանքը, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեին, բայց դա քաղաքական թիմի որոշում է և քաղաքական թիմով աշխատելու որոշում է: Իսկ թե ո՞ւմ կառաջադրենք նախարարի տեղակալի պաշտոնում, կորոշենք»: