211652_close_icon
views-count2543 դիտում article-date 10:49 26-03-2019

Հայաստան–2040. ինչպես է նշվելու քաղաքացու օրը 21 տարի հետո․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Քաղաքացու օրվա առթիվ, ավանդույթի համաձայն, կազմակերպվել է զորահանդես և հպարտ քաղաքացիների շքերթ: «Դուխով» (նախկին Հանրապետության, նախկին Լենինի) հրապարակի բարձրաբեմում են կուսակցության և պետության ղեկավարները՝ նախագահ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ: Կարմիր բերետավորների զորախումբը հանդիսավոր քայլերթով բարձրաբեմի տակ է շպրտում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի այրված խրտվիլակները և ՀՀԿ-ի դրոշները: Հնչում է Հայաստանի օրհներգը՝ «Դու մենակ չես»: Ուսապարկի (նախկին Սպենդիարյանի) անվան օպերայի և բալետի թատրոնում կայացած հանդիսավոր նիստում վարչապետ Արայիկ Հարությունյանը խոսել է տնտեսական հաջողությունների մասին: Ըստ նրա, ՀՆԱ-ն աճել է 5,24 տոկոս: «Դա, իհարկե, լավ ցուցանիշ է, – նշել է վարչապետը, – բայց այն կարող էր ավելի լավը լիներ, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» 22 տարի առաջ չստանար ծանր ժառանգություն, որի տնտեսական ծանր հետևանքները զգացվում են առ այսօր»: Նախագահի նստավայրում պետական տոնի առթիվ տեղի է ունեցել 2018 թվականի հեղափոխության առավել ակտիվ մասնակիցների հերթական պարգևատրումը: Արարողության մասնակիցներից մեկը, որն արդեն կրում է «ՀՀ վաստակավոր ակտիվիստուհի» բարձր պետական կոչումը, իր դժգոհությունը հայտնեց, թե ինչու է ստացել ոչ թե Երկրորդ կարգի, այլ Երրորդ կարգի «Հպարտ քաղաքացի» շքանշանը: Ըստ նրա, պատշաճ ձևով հաշվի չի առնվել նրա հեղափոխական վաստակը: Արարատի մարզի մի շարք համայնքների բնակիչներ փակել էին միջպետական մայրուղին՝ բողոքելով ոռոգման ջրի գնի դեմ: Ճանապարհը բացելու նպատակով ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Մի խումբ իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ողջունում են իրավապահների համաչափ և պրոֆեսիոնալ գործողությունները: «Միայն այդպես կարելի պայքարել նախկին ռեժիմի մնացուկների դեմ», – ասված է հայտարարության մեջ: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 0:7 հաշվով սեփական դաշտում պարտվել է Անդորրայի հավաքականին: Բացատրելով այդ պարտությունը՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ պետ Դավիթ Սանասարյանը նշել է, որ այլ կերպ չէր էլ կարող լինել, հաշվի առնելով այն ավերածությունները, որոնք 22 տարի առաջ մեր ֆուտբոլում կատարել է Ռուբեն Հայրապետյանը: ՀՀԿ նախագահ Արմեն Աշոտյանը Քաղաքացու օրվա առթիվ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որի վերնագիրն է «Սերժը ճիշտ էր, Նիկոլը՝ սխալ»: Գրառման տակ տեղադրվել է իշխանության կողմնակիցների ուղիղ 500 հազար հայհոյանք: Աշոտյանը հայտնել է, որ պատրաստվում է դիմել Գինեսի ռեկորդների գրքին՝ գրանցվելու համար»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր