6625 դիտում
19:26 22-03-2019
Վախճանվել է Հայկական ԽՍՀ երկարամյա դատախազ Սուրեն Օսիպյանը. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական ուղերձ է հղել
Խոր ցավով տեղեկացնում ենք, որ 89 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել Հայաստանի դատախազական համակարգի ամենահեղինակավոր դեմքերից մեկը, ականավոր իրավաբան, իր անձով և տեսակով դատախազության գրեթե երկու տասնամյակի պատմությունն ամփոփող, 1971 թվականից մինչև 1988 թվականը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցրած Սուրեն Արտաշեսի Օսիպյանը:
Սուրեն Օսիպյանը ծնվել է 1930 թվականին, Ադրբեջանի Նուխի քաղաքում, ծառայողի ընտանիքում։
1947 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել է հիշյալ ֆակուլտետի ասպիրանտուրա՝ պետական իրավունքի մասնագիտացմամբ։
1959 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, դարձել իրավաբանական գիտությունների թեկնածու: 1960 թվականին ստացել է դոցենտի, իսկ 1998 թվականին՝ պրոֆեսորի կոչում, 1953-1971թթ. դասավանդել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: Եղել է նույն ֆակուլտետի պետական և վարչական իրավունքի ամբիոնի վարիչ, ապա ֆակուլտետի դեկան։
1969-1990թթ. աշխատել է նաև ՀԽՍՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում, հանդիսացել է վերջինիս գիտական խորհրդի անդամ:
Ս. Օսիպյանը եղել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության չորս համագումարների պատգամավոր, ընտրվել է ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի չորս գումարումների պատգամավոր։
1989 թվականից աշխատել է ԵՊՀ բարձրագույն դպրոցի գիտահետազոտական կենտրոնում, 1991 թվականից՝ Երևանի Հայկական բաց համալսարանում ղեկավարել է իրավական գիտությունների ամբիոնը։
17 տարի և 10 ամիս Ս. Օսիպյանը զբաղեցրել է հայկական ԽՍՀ դատախազի պաշտոնը, ինչն աննախադեպ է ընդհանրապես ԽՍՀՄ դատախազների և դատախազությունների պատմության մեջ։ Այս հանգամանքը խոսում է Ս. Օսիպյանի՝ ոչ միայն բարձր մասնագիտական հատկանիշներով օժտված անհատականություն լինելու, այլ նաև իբրև այդպիսին Խորհրդային Միության մասշտաբով մեծագույն հարգանք ու պատկառանք վայելելու մասին:
Այդ է վկայում նաև հանգամանքը, որ 1993 թվականից Ս. Օսիպյանն աշխատել է ՌԴ գլխավոր դատախազության ակադեմիայի կազմում գտնվող օրինականության և իրավակարգի ամրապնդման գիտահետազոտական ինստիտուտում, միաժամանակ հանդիսացել է ՀՀ գլխավոր դատախազության լիազոր ներկայացուցիչը Մոսկվայում, ԱՊՀ երկրների դատախազությունների կազմակերպչական խորհրդում։
Այդ ինստիտուտի գիտական խորհրդի կողմից Ս. Օսիպյանին շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և սահմանադրական իրավունքի պրոֆեսորի կոչում։
1971 թվականին ստանձնելով Հայկական ԽՍՀ դատախազի պաշտոնը, Ս. Օսիպյանը չի խզել իր կապը ԵՊՀ-ի և ՀԽՍՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի հետ, եղել է դրանց գիտական խորհրդի անդամ, 17 տարի հանդիսացել է ԵՀՊ իրավաբանական ֆակուլտետի պետական քննական հանձնաժողովի նախագահը։ Զբաղվել ակտիվ գիտամանկավարժական գործությամբ՝ դառնալով 9 մենագրության և ավելի քան 80 գիտական աշխատանքների հեղինակ։ Իր երկարամյա անբասիր գործունեության ընթացքում արժանացել է համամիութենական և հանրապետական բազմաթիվ կոչումների և շքանշանների:
Որպես ՀԽՍՀ դատախազ՝ Ս. Օսիպյանն աչքի է ընկել ընդգծված սկզբունքայնությամբ, դատախազական համակարգի դիրքերը պետական կառավարման համակարգում ամրապնդելուն, դատախազական գործունեության արդյունավետության բարձրացմանը, կառուցվածքային, գործառույթային բարեփոխումներին ուղղված լրջագույն նախաձեռնություններով: Նրա օրոք ՀԽՍՀ դատախազության հեղինակությունը ԽՍՀՄ դատախազության համակարգում էականորեն բարձրացել է և հատկապես օրենքների կատարման նկատմամբ դատախազական հսկողության, քննչական աշխատանքի, դատարաններում մեղադրանքի պաշտպանության և այլ ուղղություններով լուրջ ցուցանիշներ են արձանագրվել:
Լինելով խստապահանջ ղեկավար՝ մեծ ուշադրություն էր դարձնում կադրերի պատրաստմանը, ընտրությանը և առաջխաղացմանը՝ միաժամանակ հոգատարություն դրսևորելով աշխատակիցների աշխատանքային, կենցաղային պայմանների բարելավման խնդիրների լուծման հարցերում։
Նրա ղեկավարմամբ և անմիջական մասնակցությամբ ընդունված որոշումները ոչ միայն ուղեցույցային և ծրագրային նշանակություն ունեին, այլև վերածվում էին ուսուցման յուրահատուկ միջոցի՝ դատախազության աշխատակիցներին սերմանելով մասնագիտական պարտքի խորը ըմբռնում և նվիրում պետությանն ու աշխատանքին:
Ավանդապաշտությունն ու իրավական մտքի զարգացման միտումները համադրելու, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և լավագույն լուծումները գտնելու նրա ունակությունը, աշխատանքային ձեռագիրը շատերի համար էր ուսանելի։
Անգնահատելի է Ս. Օսիպյանի ներդրումը պետաիրավական համակարգի ամրապնդման, իրավաբանության զարգացման, իրավաբանների սերունդների կրթման ասպարեզում, որոնք առանձնացնում են նրան իբրև պետական մտածողությամբ օժտված, սկզբունքային, բարեխիղճ և իր գործին ու առաքելությանը նվիրված բարձր պրոֆեսիոնալի։
Ավագ գործընկերոջ, մեծ գիտնական-մանկավարժի, խոշոր անհատականության ծանր կորստի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր և ՀՀ դատախազության անունից խորը ցավակցություն է հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա հետ աշխատած, նրան ճանաչող բոլոր անձանց:
Ս. Օսիպյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 24-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12.30-ից 13.30-ը՝ Մոսկվայի Օլիմպիական պողոտայում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ Մոսկվայի հայկական տաճարային համալիրի Սբ. Պայծառակերպություն Մայր եկեղեցում:
[b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2877 դիտում
18:48 05-10-2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային
2336 դիտում
19:40 26-11-2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել Թեմուր Բրոյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
1213 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1183 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1009 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը