2749 դիտում
18:48 22-03-2019
Տնտեսապես զարգանալու համար համարձակություն է պետք. ԱՀ նախկին վարչապետը դասախոսություն է կարդացել ԵՊՀ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ «Հայաստանի տնտեսական զարգացման հեռանակարները» թեմայով դասախոսություն, որի բանախոսն էր Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Հանդիպման սկզբում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հյուրին դասախոսությամբ հանդես գալու նախաձեռնության համար:
«Այս դասախոսությունը, որը նաև որպես բաց նամակ ուղարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նպատակ ունի տնտեսական աճին վերաբերող խնդիրներին լուծումներ առաջարկել»,- նշեց ֆակուլտետի դեկանը:
Այնուհետև ելույթով հանդես եկավ Արայիկ Հարությունյանը, որն իր դասախոսությունը սկսեց երջանկության ինդեքսի ցուցանիշների ներկայացմամբ:
«Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ Հայաստանը 16 կետով բարելավվել է իր տեղը, բայց գտնվում է 116-րդ տեղում,- նշեց բանախոսը,- արդյո՞ք մեր երազած երկիրն այն է, որը գտնվում է 100-ից այն կողմ»:
Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ նախկին վարչապետն անդրադարձավ «Նավթային գործոնի դերն արցախյան և տարածաշրջանային խնդրում» թեմային՝ շատերի մոտ հարց առաջացնելով, թե ինչ կապ ունի նավթն Արցախի հետ:
«Այդ ժամանակ արդեն ավարտվում է Բաքու-Թիֆլիս-Ջեյհան նավթամուղի կառուցումը, որով պետք է ադրբեջանական նավթ արտահանվեր,- մեկնաբանեց բանախոսը,- մենք ունեինք տվյալներ, որ 2010 թվականը լինելու էր նավթի արդյունահանման պիկը, և Ադրբեջանը դրա շնորհիվ ձեռք էր բերելու շատ մեծ ֆինանսական ռեսուրսներ: Ես դեռևս այն ժամանակ ունեի տնտեսական վերլուծության արդյունքում արած հայտարարություն, ըստ որի՝ մենք 2014-2016 թվականին ունենալու ենք պատերազմի հավանականություն»:
Բանախոսը նկատեց, որ արդեն Ապրիլյան պատերազմին ժամանակ բոլորին պարզ դարձավ, որ 21-րդ դարի պատերազմն առաջին հերթին տնտեսական բնույթ ունի:
Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահի ձայնի տեմպը փոխվում է՝ ըստ նավթի գնի:
«Ինչքան էլ խոսենք կոնֆլիկտի քաղաքական կողմի մասին, առաջիկա 10-15 տարում այն դժվար ստանա իր տրամաբանական լուծումը, և մեր խնդիրն է այս ընթացքում պատերազմից խուսափել՝ գրանցելով տնտեսական աճ:
Չպատերազմելու միակ տարբերակը ՀՀ տնտեսական աճի ապահովումն է՝ առնվազն 8 տոկոսով»:
Խոսելով տնտեսական աճի եղանակներից՝ Արայիկ Հարությունյանը փաստեց, որ առաջին ուղին ներդրումներն են՝ ուղղակի, թե անուղղակի:
«Մենք չպետք է վախենանք արտաքին պարտքի ավելացումից, եթե այն ներդրումների ավելացմանն է միտված»,- շեշտեց բանախոսը,- «իհարկե, այստեղ կարող է առաջանալ նաև վստահության խնդիր, բայց եթե պետությունը չի կարող նմանօրինակ ծրագրեր վերահսկել, ապա ո՞ւմ է պետք այդ պարտքի գոյությունը»:
Բանախոսը ներկայացրեց շատ զարգացած և գերհզոր երկրների օրինակներ, որոնք ունեցել են և ունեն բյուջեի դեֆիցիտ, բայց միևնույն ժամանակ գրանցել են տնտեսական աճ:
«Իհարկե, հասկանալի է, որ մեր ունեցած ռեսուրսները համեստ են, բայց մյուս կողմից՝ պետք է հասկանալ, որ տնտեսական բարեփոխությունները համարձակություն են պահանջում, և այդ ճանապարհին մենք չպետք է վախենանք բյուջեի դեֆիցիտ ասվածից»:
Արայիկ Հարությունյանն Արցախում իրականացրած մի քանի պետական ծրագրերի օրինակներ ներկայացրեց, որոնք, շնորհիվ ենթակառուցվածքներում արված պետական ներդրումների, հաջողություններ են գրանցել:
«Մենք ունենք ենթակառուցվածքները զարգացնելու խնդիր: Մեզ մոտ պետական լուրջ ներդրումներ է պահանջում գյուղատնտեսությունը: Հայաստանում կա շուրջ 200.000 հեկտար չմշակված հող: Պատճառը գյուղացու ծուլությունը չէ, պարզապես նրա արտադրանքը մրցունակ չէ: Մենք պետք է չվախենանք պարտքերի միջոցով գյուղատնտեսական նոր տեխնիկա և սարքավորումներ ձեռք բերելուց: Միայն այդ դեպքում գյուղացու արտադրանքը մրցունակ կլինի»:
Մամուլում տարածում ստացած այն տեսակետին, թե նոր իշխանությունները պետք է քչացնեն արտաքին պարտքը, բանախոսը հակադարձեց՝ ասելով, որ դա չի կարող տնտեսական լուրջ վերլուծություն լինել:
«Արտաքին պարտքի ավելացումը պետք է միտված լինի ՀՆԱ-ի աճին: Նոր իշխանությունների խնդիրն է պետական լծակների արդյունավետ օգտագործմամբ ստեղծել ներդրումային ծրագրեր, որոնք կարող են գրավել նաև օտարերկրյա ներդրողներին: Պարտքից ոչ թե պետք է վախենալ, այլ պետք է այն եկամուտի վերածել»:
Հանդիպման վերջում Արայիկ Հարությունյանը պատասխանեց ուսանողների, դասախոսների և լրագրողների հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
2907 դիտում
16:27 03-04-2019
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը դասախոսություն է կարդացել ԵՊՀ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2913 դիտում
20:52 01-09-2017
Էդվարդ Նալբանդյանը ԵՊՀ-ում դասախոսություն է կարդացել
2258 դիտում
20:23 28-11-2022
Իտալացի հրավիրյալ բանախոս Ջիովանի Ռովիելոն դասախոսություն է կարդացել ԵՊՀ-ում
Այս բաժնից
763 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
868 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
619 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին