1802 դիտում
16:50 18-03-2019
ԱԻ նախարարը և ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը քննարկել են համատեղ իրականացվող մի շարք ծրագրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 18-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը՝ ԱԻ նախարարը շնորհավորեց դեսպանին պաշտոնի ստանձման կապակցությամբ և հույս հայտնեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում կշարունակվի նոր թափով՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համատեղ իրականացվող մի շարք ծրագրեր՝ մասնավորապես, հրշեջ կայանների, հրշեջների կարողությունների զարգացման, համատեղ վարժանքների իրականացման վերաբերյալ:
Համատեղ իրականացվող ծրագրերից, մասնավորապես, կարևորվեց ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության մարդասիրական ծրագրի շրջանակներում ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների շենք-շինությունների, հրշեջ դեպոների վերանորոգման և անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքները:
2018 թվականին արդեն իսկ իրականացվել է Արարատի մարզի Մասիս (վերանորոգում) և Սյունիքի մարզի Մեղրի (կառուցում) քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատների բազաների վերակառուցման ու արդիականացման ծրագիրը:
2019-2021 թվականների ընթացքում վերոնշյալ ծրագրի շրջանակներում ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունում կիրականացվեն հրշեջ-փրկարարական ջոկատների շենք-շինությունների, հրշեջ դեպոների վերանորոգման և անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքներ: Ծրագրի շրջանակներում Գյումրիի «Գյումրի 1» թաղամասում և Աշոցքում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական շենքեր, իսկ Ախուրյանում և Անիում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ:
Այս համատեքստում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքը և նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստակամ է շարունակել առկա համագործակցությունը և ավելի ընդարձակել այլ ուղղություններով:
«Տեխնոլոգիաները փոխվում են, փոխվում է նաև մարդկանց կենցաղը, նոր երևույթներ են առաջ գալիս: Մենք պետք է զարգանանք և մշտապես լինենք զգոն», - իր խոսքում նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Շնորհակալություն հայտնելով ԱԻ նախարարին ջերմ ընդունելության համար, նորանշանակ դեսպանը նշեց. «Հպարտ եմ, որ տարիներ ի վեր ԱՄՆ դեսպանությունը եղել է Ձեր նախարարության լավ գործընկերը: Որպես օրինակ կարող եմ նշել փորձի փոխանակումը հայ փրկարարների և ԱՄՆ զինծառայողների միջև, որը մարդկային կյանքեր փրկելուն ուղղված մեր համատեղ աշխատանքի դրվագներից մեկն է միայն: Պատրաստ եմ շարունակել գործակցությունը Ձեզ հետ այս նոր պաշտոնում և հուսով եմ, որ կարող ենք գտնել համատեղ աշխատանքի նոր և արժեքավոր ուղիներ»:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության համագործակցության շրջանակները՝ ազգային և միջազգային մակարդակով:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների շրջանակներում կարևորեց կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ հատկապես կանխարգելման, բնակչության իրազեկման գործընթացում անելիքներ շատ կան:
Նախարարը հավելեց, որ Կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո համագործակցությունն այլ կառույցների հետ ավելի կընդլայնվի, և արտակարգ իրավիճակների ոլորտում աշխատանքը կլինի ավելի համակարգված:
Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև Կանզաս-Հայաստան համագործակցությունը, որի շրջանակներում առ այսօր իրականացվել են մի շարք փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, անցկացվել են սեմինարներ և հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1290 դիտում
13:38 25-10-2021
ԱՄՆ-ում Արտակ Բեգլարյանը համագործակցության ծրագրեր է քննարկել ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ
856 դիտում
18:33 04-08-2023
ՀՀ ֆինանսների նախարարը և ԱՄԷ նորանշանակ դեսպանը քննարկել են փոխգործակցության նոր հեռանկարների լայն շրջանակ
Այս բաժնից
1321 դիտում
19:44 07-01-2025
Ջալալ Հարությունյանի դատական գործը ավարտական փուլ է մտնում. վճիռ կհրապարակվի. armlur.am
1108 դիտում
18:38 07-01-2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Սուրեն Պապիկյանի հետ
1498 դիտում
17:30 07-01-2025
Աղոթքի, արցունքների ու ռազմական երգերի ներքո․ Գյումրիում բանակ ճանապարհեցին նորակոչիկներին. aravot.am