211652_close_icon
views-count1058 դիտում article-date 19:40 13-03-2019

Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Ստամբուլյան արձանագրության կիրարկման ուղղությամբ պետական քաղաքականության թեմայով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2019թ. փետրվարի 28-ին Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում «Հայաստանում Ստամբուլյան արձանագրության կիրարկման ուղղությամբ պետական քաղաքականությունը» թեմայով: Աշխատանքային քննարկումը կազմակերպվել էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ համատեղ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը մեկնարկել է 2018թ.-ի փետրվարին: Ծրագրի նպատակն է փակ և կիսափակ հաստատություններում խոշտանգման կանխարգելումը, խոշտանգում վերապրած անձանց աջակցության տրամադրումը, թեմայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն ու ջատագովությունը: Աշխատանքային քննարկմանը ներկա էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներ, քրեակատարողական հիմնարկների պետեր և այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Փորձաքննությունների ազգային բյուրոյի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, առանձին թեմաներ ներկայացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ԲՀՀ-Հայաստան գործադիր տնօրեն Դավիթ Ամիրյանն ու փորձագետ Մուշեղ Եկմալյանը: Նրանք անդրադարձան Ստամբուլյան արձանագրության նշանակությանը, պետական քաղաքականության մեջ դրա չափանիշների ընդունման և կիրարկման հնարավորություններին և մարտահրավերներին: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարծիք հայտնեց, որ առանձին կոմպոնենտի ներդրումը որևէ լուծում չի տա, այն պետք է դիտարկել ընդհանուր բարեփոխումների համատեքստում և անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման համակարգի արդիականացման դերին՝ վատ վերաբերմունքի կանխարգելման գործում: «Մենք շատ մեծ շեշտադրում ենք կատարում բժշկական ռեֆորմի վրա, որովհետև ոլորտում արձանագրված խնդիրների մեծ մասը վերաբերում է բուժծառայություններին»,-ասաց Ս. Քրմոյանն ու հավաստիացրեց, որ Նախարարությունը պատրաստ է ներդնել Ստամբուլյան արձանագրությունից բխող մեխանիզմները: Փորձագետ Մուշեղ Եկմալյանը խոսեց Ստամբուլյան արձանագրության ընդունման նախապատմության և դրա կիրարկման միջազգային փորձի մասին, ընդգծեց հոգեբանի աշխատանքի կարևորությունը խոշտանգումների արձանագրման գործում: «Ստամբուլյան արձանագրությունը տարբերվում է մինչ այդ և դրան զուգահեռ գործող դատաբժշկական արձանագրություններից կամ փաստաթղթավորման ձեռնարկներից նրանով, որ նա ներառում է ամբողջական պատմությունը՝ սկսած զոհի պատմած պատմությունը և հետաքննության ընթացքում պարզվածը, և սա մեկ ամբողջական պատմության տեսքով է ներկայացվում՝ ունենալով նաև գիտական մոտեցումը՝ իրավաբանի, հոգեբանի և բժշկի համատեղ աշխատանքի միջոցով», -նշեց նա: Մ. Եկմալյանը ներկայացրեց նաև խոշտանգումների փաստաթղթավորման գործիքները: «Վաղեմության ժամկետ այս հանցագործությունը չպետք է ունենա: Երբ որ մենք խոսում ենք խոշտանգման, վատ, անմարդկային վերաբերմունքի մասին, մենք դուրս ենք գալիս ընդհանրապես մի անձի պրոբլեմի շրջանակից». Դավիթ Ամիրյան «Ստամբուլյան արձանագրությունը ենթադրում է մուլտիդիսցիպլինար մոտեցում, և այս եզրակացությունը բացառապես գիտական եզրակացություն է», - իր խոսքում նշեց Դավիթ Ամիրյանը: Նա ևս ընդգծեց Ստամբուլյան արձանագրության հոգեբանական մասի կարևորությունը, ապա օրինակներով հիմնավորեց իր կարծիքը: «Ամենակարևոր հարցը, որ ունենք այսօր լուծելու, բժիշկներին և քրեակատարողական համակարգի բժիշկներին տալ թե օրենսդրական, թե պրակտիկայի տեսակետից բացարձակ անկախություն, որով նրանք կկարողանան կազմել եզրակացություններ, կաշկանդված չլինել որևէ բանով և ներդրում ունենալ այնպիսի իրավունքի պաշտպանության գործում, ինչպիսին խոշտանգումներից, վատ ու անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքն է»,-եզրափակեց Դավիթ Ամիրյանը: «Տպավորություն է ստեղծվում, թե Ստամբուլյան արձանագրությունը վերաբերում է միայն քրեակատարողական հիմնարկներին, բայց իրականում այն առնչվում է բոլոր տիպի փակ հաստատություններին՝ հոգեբուժարաններ, ոստիկանության բաժիններ և այլն»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան։ Չկա հստակ պատկերացում Ստամբուլյան արձանագրության վերաբերյալ և ընկալումը ճիշտ ու ամբողջական չէ: Դրա պատճառներից մեկը, Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով, իրազեկում չիրականացնելն է: Պաշտպանը կարևորեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գործունեությունը կապված Սատմբուլյան արձանագրության կիրառման հետ: Ա. Թաթոյանը նշեց, որ հոգեբուժարաններում աշխատանքներ են տանում նաև իրենց գործունեության ճիշտ ընկալման ուղղությամբ: Նա ներկայացրեց Պաշտպանի գործունեության ընթացքում արձանագրված տարբեր խնդրահարույց իրավիճակներ և պրակտիկայում առկա խնդիրները: Իրենց փորձառությամբ կիսվեցին նաև աշխատանքային քննարկմանը ներկա պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, խոսեցին առանձին դեպքերի մասին: Փաստաբան Նինա Կարապետյանցը հիշեցրեց ազատազրկման վայրում մահացած Հրաչյա Գևորգյանի գործը և պնդեց, որ պետական կառույցները հետևողական չեն եղել այդ հարցում: Արման Թաթոյանն առաջարկեց հանդիպել և քննարկել այդ գործը: Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչներն էլ նշեցին, թե ինչ հանգամանքներ են դրվում իրենց կողմից տրվող եզրակացությունների հիմքում, խոսեցին այդ հարցում առկա խնդիրների ու դժվարությունների մասին: Մասնակիցները համակարծիք էին, որ Ստամբուլյան արձանագրությունների ներդրման ու կիրարկման գործընթացում վերապատրաստումներն ու դասընթացները շատ կարևոր են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր