211652_close_icon
views-count1250 դիտում article-date 12:55 11-03-2019

Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 11-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում Ամերիկայի հայկական համագումարի ներդրած նշանակալի ավանդը, ինչպես նաեւ երկարամյա հայրենանպաստ գործունեությունը: Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ համագումարն այսուհետ եւս կշարունակի ազգանվեր գործունեությունն ի նպաստ Հայաստանի եւ համայն հայության: Էնթոնի Բարսամյանը ներկայացրել է Ամերիկայի հայկական համագումարի կողմից իրականացվող ծրագրերն ու աշխատանքները: Կողմերն անդրադարձել են դինամիկ զարգացող հայ-ամերիկյան հարաբերություններին, դրանց ամրապնդման ու խորացման հնարավորություններին, համահայկական կարեւորություն ունեցող խնդիրների լուծման հարցում համագումարի գործունեությանն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ միջազգային կառույցներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղիների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր