211652_close_icon
views-count1259 դիտում article-date 15:01 09-03-2019

Արարատ Միրզոյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակի գլխավորած պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 9-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի հայանպաստ գործունեությունն ինչպես Շվեդիայում, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում, այդ թվում` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Արարատ Միրզոյանը կարեւորել է Շվեդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը` նշելով, որ վերջին տարիներին հարաբերությունների զարգացման դրական դինամիկա է նկատվում, այդ թվում` միջխորհրդարանական կապերի խորացման առումով: Այս համատեքստում ԱԺ նախագահը նշել է, որ ձեւավորման փուլում է Հայաստան-Շվեդիա բարեկամական խումբը: Անդրադառնալով Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին` Արարատ Միրզոյանը կարեւորել է ԵՄ անդամ երկրների կողմից փաստաթղթի հնարավորինս արագ վավերացումը: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Արեւելյան գործընկերության 10-ամյակին ընդառաջ Շվեդիայում համաձայնագրի վավերացման ներպետական գործընթացը շոշափելի հանգրվանի կհասնի: Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակն այս առթիվ նշել է, որ վավերացման գործընթացն իրականացվում է իր երկրի ներքին ընթացակարգերին համապատասխան եւ հավաստիացրել, որ խորհրդարանի կողմից վավերացումը չի ուշանա: Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Շվեդիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ունեցած դիրքորոշման համար: Օրենսդիր մարմնի ղեկավարն իր խոսքում բարձր է գնահատել Շվեդիայի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններից առաջ «Հայաստանի ընտրական գործընթացներին աջակցություն» ծրագրին: Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն Արարատ Միրզոյանին է փոխանցել Շվեդիայի խորհրդարանի նախագահի՝ Շվեդիա այցի պաշտոնական հրավերը: Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը եւս կարեւորել է երկկողմ կապերի ընդլայնումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը, ներկայացրել իր երկրի խորհրդարանում իրականացված հայանպաստ միջոցառումները: Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ողջունել է 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները եւ իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ հայ ժողովուրդը խաղաղ ձեւով կարողացավ դրական փոփոխություններ իրականացնել: Արարատ Միրզոյանը Լոտտա Յոնսոն Ֆորնարվեին հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր