211652_close_icon
views-count2195 դիտում article-date 14:05 07-03-2019

ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ բարեփոխումներին. վարչապետը ամփոփեց Բրյուսել այցի արդյունքները

Կառավարության այսօրվա նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց համառոտ հաշվետվություն Բրյուսել կատարած այցի մասին: «Ինչպես տեղյակ եք, մեր պատվիրակությունը նախօրեին է վերադարձել Բրյուսելից՝ Եվրամիության ղեկավարության հետ ունեցած բանակցություններից: Կարող ենք արձանագրել, որ Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլ ենք թևակոխում: Այս առումով Բրյուսելում տեղի է ունեցել արձանագրում, որ Եվրամիությունը լիարժեք պատրաստ է մեզ աջակցել մեր բարեփոխումների և ընդհանրապես Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգում: Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ այս համագործակցության մեջ և՛ Հայաստանի, և՛ Եվրամիության կողմից չկա աշխարհաքաղաքական որևէ օրակարգ, ինչը շատ կարևոր է տվյալ հանգամանքում: Այստեղ կա մի նրբություն, որ մենք պետք է առաջիկայում կարևոր որոշումներ կայացնենք: Դա կապ չուներ իմ նախորդ ասածի հետ: Ես այդ թեմային երեկ էլ անդրադարձել եմ Ազգային ժողովում: Խնդիրը հետևյալն է. այսօր Եվրամիության հետ մի քանի մեգանախագծեր ենք քննարկել, որոնց առաջին խումբը վերաբերում է ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքներին: Մեր նպատակադրումն է, որ Հայաստանի Հանրապետությունում ավտոճանապարհները պետք է բերվեն եվրոպական չափանիշների: Նաև պետք է կարևոր որոշումներ կայացնենք Հյուսիս-հարավ ծրագրի վերաբերյալ: Հաջորդը ջրամբարաշինության մեծ ծրագրի իրականացումն է և ջրերի կառավարման նոր համակարգի ներդրումը: Այս համատեքստում չափազանց կարևոր է Սևանա լճի շուրջ և Հրազդան գետի երկայնքով առնվազն մինչև Երևանյան լիճ ջրերի մաքրման կայաններ կամ համակարգ ստեղծելը: Հաջորդ խնդիրը դպրոցաշինություն իրականացնելն է, հատկապես սեյսմիկ պաշտպանության առումով: Այդ ծրագիրն արդեն իրականացնում ենք, բայց կարիք ունենք լրջորեն ընդլայնել դրա շրջանակը, որպեսզի նախ՝ այդ դպրոցները սեյսմիկ բոլոր պահանջներին համապատասխանեն և համապատասխանեն նաև կրթական, բովանդակային, ժամանակակից պահանջներին և չափանիշներին՝ ոչ միայն շենքային, այլև գույքային առումով: Նաև խնդիր ունենք՝ արդարադատության ոլորտում լուրջ ծրագրեր իրականացնելու: Եվրամիության գործընկերների հետ խոսելիս ես ասեցի, որ այն բանտային պայմանները, որոնցում պահվում են Հայաստանի Հանրապետությունում կալանավորված ու դատապարտված անձինք, չեն կարող հարիր համարվել Նոր Հայաստանի չափանիշներին: Մենք դատական համակարգում էլ խնդիրներ ունենք. ինձ համար զարմանալի էր, որ ունենք դեպքեր, երբ դատական նիստերը, այսպես ասած, միջանցքային պայմաններում են իրականացվում, ու դա արդեն ձևով խաթարում է արդարադատության բովանդակությունը: Այս բոլոր ծրագրերի իրականացման գործում ստացանք Եվրամիության մեր գործընկերների աջակցության պատրաստակամությունը: Բայց այստեղ կա մի խնդիր, որ Եվրամիությունը, բնականաբար, պատրաստ լինելով աջակցել, պատրաստ չէ այդ ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել 100 տոկոսով և ակնկալում է, որ այդ ծրագրերում, բնականաբար, լուրջ մասնակցություն պետք է ունենա նաև Հայաստանի Հանրապետությունը: Այս առումով մեր առաջնային խնդիրն է պետական եկամուտների ավելացումը՝ վարչարարության միջոցով և տնտեսական զարգացուների միջոցով: Բայց այս համատեքստում կարևորվում է նաև արտաքին միջոցների ներգրավումը, և կառավարության ծրագրում մենք գրել ենք, որ արտաքին միջոցների ներգրավման առաջնային թիրախ ենք համարում ենթակառուցվածքները: Այստեղ մենք պետք է քաղաքական որոշում կայացնենք, թե ինչպես ենք վերաբերվում այս հարցին, որովհետև մենք նաև որոշակի օրենսդրական սահմանափակումներ ունենք ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցության վերաբերյալ: Ես ինքս, անկեղծ ասեմ, իմ պատգամավորական ողջ գործունեության ընթացքում առանց բացառության բոլոր վարկային համաձայնագրերին դեմ եմ քվեարկել, և դա ունեցել է շատ կոնկրետ քաղաքական հիմնավորում. ես ասել եմ, որ եթե կառավարությանը համարում եմ կոռումպացված, չեմ կարող այդ կառավարությանը վստահել որևէ միջոցի, առավել ևս վարկային միջոցի ծախսումը, և ցավոք, այս ընթացքում մեր ուսումնասիրություններն այդ քաղաքական դիրքորոշման արդարացվածությունը հիմնավորում են առնվազն մի քանի խոշոր ծրագրերի առումով: Մենք այսօր պետք է պատասխանենք երկու հարցի՝ արդյոք կարողանո՞ւմ ենք ստեղծել համակարգային երաշխիքներ, որ ընդհանրապես պետական միջոցները և վարկային միջոցներն առավել ևս ծախսվեն նպատակային և եթե կարողանում ենք, արդյոք ո՞րն է այն պայմանը և սահմանագիծը, չափաբաժինը, որտեղ մենք կարող ենք պետական պարտքի մակարդակը պահել կառավարելի, առանց հավելյալ վտանգների, այսինքն՝ որպեսզի դա իրականում Հայաստանին բերի օգուտներ և երբեք որևէ վնաս: Մենք արդեն ունենք նախնական պայմանավորվածություն, որ մեկ ամսվա ընթացքում այս թեմայով Կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկում ենք ունենալու: Այդ քննարկման արդյունքում որևէ եզրակացության կգանք և այդ եզրակացության վերաբերյալ, իհարկե, քննարկումներ կունենանք, նաև հանրային քննարկումներ, կունենանք նաև քննարկումներ Ազգային ժողովում և այս հարցի վերաբերյալ նաև պետք է կարողանանք գալ ընդհանուր եզրակացության: Ընդհանուր ասելով նկատի ունեմ կառավարություն, Ազգային ժողով և, իհարկե, հանրություն: Ես ձեր ուշադրությունը հրավիրեցի այս խնդրի վրա՝ որպես առաջիկա ամսվա ընթացքում և գուցե դրանից հետո էլ մեր մտորումների և համատեղ քննարկումների կարևոր նյութ»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր