211652_close_icon
views-count2543 դիտում article-date 20:03 04-03-2019

Հալեպում տեղի է ունեցել մարդասիրական առաքելությամբ Սիրիա ժամանած ՀՀ մասնագետների խմբի կենտրոնակայանում տեղադրված Հայաստանի դրոշի օծման արարողությունը

Մարտի 2-ին Հալեպում տեղի ունեցավ մարդասիրական առաքելությամբ Սիրիա ժամանած ՀՀ մասնագետների խմբի կենտրոնակայանում տեղադրված Հայաստանի դրոշի օծման արարողությունը, որին մասնակցեց Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը: Արարողությանը ներկա էին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, ՍԱՀ Ժողովրդական ժողովի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, հալեպահայ համայնքի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներ: ՀՀ մարդասիրական առաքելության անունից արարողության բացման խոսքով հանդես եկավ հումանիտար մասնագետների խմբի անդամ Արկադի Տոնոյանը: Նա ընդգծեց, որ հայ ժողովրդի բացառիկ արժեքներից է խաղաղասիրությունը և այսօր Հայաստանի մարդասիրական առաքելության ներկայությունը Սիրիայում դրա վառ ապացույցն է: Իր հերթին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը ողջունեց ՀՀ մարդասիրական արաքելության մասնակիցներին Սիրիայի Արաբական Հանրապետությունում՝ վստահություն հայտնելով, որ հումանիտար մասնագետները պատվով և փառքով կկատարեն իրենց վրա դրված վեհ պարտականությունը, այն է՝ աջակցել Սիրիայի բարեկամ ժողովրդի վերագտնելու խաղաղությունը, մի ժողովրդի, որն ավելի քան հարյուր տարի առաջ իր դռներն ու սրտերը բացեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված Ցեղասպանությունից մազապուրծ եղած տարագիր հայերի առջև: ՀՀ դեսպանը հումանիտար մասնագետների խմբին մաղթեց խաղաղ առաքելություն և ամենայն հաջողություն: Այնուհետև Բերյո Հայոց թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը կատարեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշի օծման ծիսակարգը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր