211652_close_icon
views-count4554 դիտում article-date 11:35 04-03-2019

Հատուկ դպրոցներում արձանագրվել են առանց օրինական հիմքերի երեխաների հայտնվելու դեպքեր. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող 8 հատուկ դպրոցներում, 1 գիշերօթիկ խնամքի հաստատությունում և 1 մանկատուն կատարած մշտադիտարկման այցերի արդյունքները: Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող հաստատություններում արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները՝ • երեխաների նկատմամբ և երեխաների միջև բռնության, ինչպես նաև աշխատանքի շահագործման մասին տվյալներ. • դեղերի պահպանման և խոտանման կարգի խախտումներ, • խոհանոցային տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի հետ կապված խնդիրներ. • հայտնաբերվել է ժամկետանց սնունդ, ինչպես նաև դեպքեր, երբ երեխաներին չի տրամադրվել բավարար քանակությամբ ձկնեղեն, կաթնամթերք և միրգ. • հաստատությունների ննջասենյակներում եղել են գերբնակեցման դեպքեր. • հայտնաբերվել են թերություններ՝ կապված գրեթե բոլոր հաստատություններում ընդունելության փաստաթղթերի հետ (օրինակ՝ առկա չեն եղել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրեր, ծնողների դիմումներ, ուղեգրեր). • հատուկ նպատակով նախատեսված մեկուսարանները օգտագործվել են որպես պահեստ, իսկ մեկուսարաններում գտնվող անկողնային պարագաները եղել են սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակում: Անգամ մեկ դեպքում հայտնաբերվել են կրծող կենդանիների արտաթորանքներ. • մի շարք հաստատությունների գործունեությունը չի համապատասխանում այդ հաստատության համար սահմանված տիպին. • արձանագրվել են լոգարանների պատուհանների թափանցող ապակիներ, որի պատճառով լոգարանի ներսի հատվածը տեսանելի է եղել նույն հարթության վրա գտնվող բակից. • արձանագրվել են դեպքեր, երբ զուգարանակոնքերն առանձնացված չեն եղել միջնորմերով․ • սանհագույցներում հիմնականում բացակայել է զուգարանի թուղթ, հեղուկ օճառ և այլ սանիտարահիգիենիկ պարագաներ. • մի շարք հաստատությունների ննջասենյակներում վարագույրներ կախված չեն եղել, բացակայել են ներքնակներ, անձնական հիգիենայի պարագաներ, հայտնաբերվել են աղտոտված անկողնային պարագաներ, անբավարար քանակությամբ կողապահարաններ, • աշխատանքային ժամերից հետո հաստատություններում բուժանձնակազմ, որպես կանոն, չի լինում. • շենքային պայմանները հիմնականում հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար. • որոշ հաստատություններում բացակայել են բողոքարկման արկղեր և բողոքարկման ընթացակարգեր նախատեսված չեն եղել և այլն: Առանձին հաստատությունների հետ կապված արձանագրվել են նաև դրական զարգացումներ: Նշված բոլոր հաստատություններում մշտադիտարկման արդյունքներն ամփոփվել են միջազգային ընդունված պահանջներին համապատասխան: Դրանք լուծումների կոնկրետ առաջարկություններով ներկայացվել են իրավասու մարմիններին: Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված խնդիրների լուծման հարցում:

Նմանատիպ նյութեր