211652_close_icon
views-count1106 դիտում article-date 19:08 01-03-2019

ԵՊԲՀ-ում անցկացվել է դասախոսություն՝ նվիրված քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան

ԵՊԲՀ-ում այսօր անցկացվեց դասախոսություն՝ նվիրված քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան: Դասախոսության թեման աշխատակիցների և ուսանողների տարհանման միջոցառումների կազմակերպման և կրակմարիչների տեխնիկական բնութագրերի, օգտագործման կարգի մասին էր: ՔՊ շտաբի պետ Սամվել Գրիգորյանը ներկայացնելով արտակարգ իրավիճակներում կարճ ժամանակահատվածում վտանգավոր վայրից անվտանգ վայր տեղափոխվեու տարհանման կարգը նշեց, որ մարդկանց փրկելու գործում մեծ կարևորություն ունի բնակչության պատրաստվածությունը, փրկարարական նվազագույն գիտելիքները անհրաժեշտ են բոլորին. «Աղետների ժամանակ, մինչև փրկարարների ժամանումը, տուժածներին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ գործողությունները սովորաբար իրականացնում են մոտակայքում գտնվող քաղաքացիները, տուժածների հարազատները, բարեկամները»: Սամվել Գրիգորյանը նաև նշեց, որ աղետների մեծ մասն ուղեկցվում են հրդեհներով. «Հրդեհները լինում են բաց, փակ, զանգվածային, համատարած: Կախված այրող նյութերի տեսակից՝ բաժանվում են չորս տեսակի՝ պինդ նյութերի, հեղուկների, գազերի և մետաղների այրում»,-հավելեց ՔՊ շտաբի պետը: ԵՊԲՀ հրշեջ-պատասխանատու Տարոն Ավետյանն էլ ներկայացնելով կրակմարիչների օգտագործման կարգն ասաց, որ այն առաջնային հրդեհաշիջման ամենաարդյունավետ և տարածված միջոցն է: «Պետք է իմանալ, թե ինչ է պարունակում իր մեջ կրակմարիչը և ինչ կարգի կրակների մարման համար է նախատեսված, աննպատակ չպետք է օգտագործել: Լինում են մի քանի տեսակի՝ քիմիական, փրփրային, օդափրփրային, ածխաթթվային, փոշելից: Կրակմարիչն ունի պաշտպանիչ օղակ, աշխատում է նույն նռնակի սկզբունքով»,-հավելեց Ավետյանը: Անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումների անցկացումը ԵՊԲՀ-ում շարունակական է։ Յուրաքանչյուր տարի դասախոսություններից զատ անցկացվում են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնք ևս մեկ անգամ կարևորում են ուսանողների քաղաքացիական պաշտպանության իմացությունը:

Նմանատիպ նյութեր