Կառավարությունն ԱԳՆ-ին նոր Mercedes ավտոմեքենա հատկացրեց
Կառավարության այսօրվա որոշմամբ, ԱԳՆ-ին ամրացված 2003 թվականի արտադրության Audi A6 L-1.8 ավտոմեքենան հետ վերցվեց և ամրացվեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։
Նույն որոշմամբ, Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից շահագործված և պետությանը փոխանցված 2016 թ. արտադրության Mercedes-Benz S 350 (արժեքը՝ 27,7 մլն դրամ) ավտոմեքենան ամրացվեց ԱԳՆ-ին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից շահագործված՝ 2016թ. արտադրության Mercedes-Benz S 350 մոդելի ավտոմեքենան տեղափոխվել է Հայաստան՝ Արտաքին գործերի նախարարության կարիքների համար օգտագործելու նպատակով։
Ներկայումս նախարարության կողմից օգտագործվում է 12 տարվա վաղեմության Mercedes-Benz S 350 մոդելի ավտոմեքենա, որի մաշվածության պատճառով ընթացիկ վերանորոգումների հաճախակի կարիք է առաջանում։
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել նշված ավտոմեքենայի փոխանցումը Արտաքին գործերի նախարարությանը՝ առանց լրացուցիչ ծախսեր կատարելու։