Մոլախաղերով հրապուրվելը կդժվարանա․ «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն է սպասվում
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
«Նախագիծը միտված է խաղային բնագավառի կարգավորումների սահմանափակումների ավելացմանը, ինչը հնարավորություն կտա մոլախաղերով հրապուրվելը դարձնել շատ ավելի դժվար: Ներկայումս կարգավորումները թույլ են տալիս տոտալիզատորի և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղեր ամբողջ հանրապետության տարածքում: Առաջարկվում է կազմակերպել միայն այն չորս բնակավայրերում, որտեղ կարողանում են կազմակերպել խաղատներ:
Տարիքի ստուգումից հետո միայն հնարավորություն կտրվի մուտք գործել և կազմակերպված խաղերին մասնակցություն ունենալ: Եթե մոլախաղերով տարված լինելու հիմքով կան դատական գործընթացի արդյունքում կայացված վճիռներ, ապա այդ անձանց մուտքը նույնպես կսահմանափակվի խաղային տարածքներ»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: